Հոկտեմբերի 2-5-ը Ճապոնիայի Կիոտո քաղաքում տեղի է ունեցել Science and Technology in Society ֆորումի 18-րդ տարեկան հանդիպումը, որին առցանց տարբերակով մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։
Ֆորումի ընթացքում կազմակերպված նախարարական կլոր սեղանի շրջանակներում նախարարը հանդես է եկել ելույթի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության պետնախարար Շինջի Ինուեին և նախագահող Հիրոշի Կոմիյամային հրավերների համար։
«STS ֆորումի տարեկան հանդիպումը կատարյալ հարթակ է քննարկելու մարդկության առջև ծառացած մարտահրավերները և դիտարկել դրանց հնարավոր լուծումները։
Համաճարակը բոլորիս ժամանակին հիշեցրեց նորարարարական տեխնոլոգիաների զարգացման մեջ ներդրումներ կատարելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև աշխարհի համար ազդակ հանդիսացավ միավորելու ջանքերը մարդկությանն ուղղված բոլոր ներկա և ապագա սպառնալիքները վերացնելու համար»,֊ նշել է նախարարը։
STS ֆորումը հիմնադրվել է 2004 թ․, որի նպատակն է համախմբել աշխարհի բարձրաստիճան ղեկավարներին և եզակի միջազգային հարթակ տրամադրել գիտությանն ու տեխնոլոգիաներին առնչվող արդիական խնդիրների և հասարակության վրա դրանց ազդեցության քննարկման համար։
Միջոցառմանն ամեն տարի մասնակցում են քաղաքականության, բիզնեսի և գիտական ոլորտների համաշխարհային առաջատարներ աշխարհի 120 երկրներից և միջազգային կազմակերպություններից։