Թաթարստանում այսօր սգո օր է հայտարարված: Երեկ վթարի էր ենթարկվել թեթև շարժիչով L-410 ինքնաթիռը աերոակումբի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո: Ինքնաթիռում, բացի 2 օդաչուից, եղել է 20 պարաշյուտիստ՝ գրում է Euronews-ը:
Վթարի հետևանքով զոհվել է 16 մարդ, 6-ը, որոնք ինքնաթիռի հետնամասում էին, փրկվել են: Նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Նախնական վարկածով՝ ինքնաթիռի կործանման պատճառը շարժիչներից մեկի խափանումն է. այդ մասին ասել է Մենզելինսկի շրջանի ղեկավար Այդար Սալախովը: Նրա խոսքով՝ նախքան գետնին հարվածելը ինքնաթիռը դիպել է կանգնած «Գազելի» թևին ու շրջվել, քթի մասն ամբողջությամբ ջախջախվել է, պոչի հատվածը մնացել է գրեթե անվնաս: