Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։
Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման կապակցությամբ՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակում Ղազախստանի հետ բազմակողմ ձևաչափով համագործակցությունը։
Կողմերն ընդգծել են սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվող հուշագրի կարևորությունը, ըստ որի նախատեսվում է զարգացնել ու ամրապնդել երկու երկրների փոխշահավետ հարաբերությունները և աջակցություն ցուցաբերել իրականացվող բարեփոխումների գործընթացում։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ոլորտի նոր նախաձեռնությունները, մասնավորապես՝ Միասնական սոցիալական ծառայության տեղեկատվական համակարգի արդիականացման ու աշխատանքային վեճերի դեպքում արտադատական համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
«Ներկայումս մշակվում են մի շարք նախագծեր ու ռազմավարական փաստաթղթեր։ Ունենալով սոցիալ-տնտեսական և մշակութային նմանություններ՝ կարևորում եմ այդ գործընթացում երկուստեք քննարկումներն ու փորձի փոխանակումը։ Մեր երկրների միջև ստեղծված ամուր բարեկամական կապերը կարևոր նախապայման են բովանդակային և կառուցողական համագործակցության համար»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։
Դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին ներկայացրել է Ղազախստանում վերջերս իրականացված բարեփոխումները, որոնք նպաստել են ոլորտային առաջընթացին ու զարգացմանը։ Դեսպանի խոսքով՝ առկա են բոլոր նախադրյալները երկարաժամկետ ու կայուն հիմքերով փոխշահավետ համագործակցության համար։