Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Սադեթթին Թանթանը երկրի քաղաքական ընդդիմությանը խորհուրդ է տվել բանավեճ չվարել «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Էրդողանի հետ։ Նա նշել է, որ եթե ընդդիմությունը չխոսի, Էրդողանը կինքնաոչնչանա։
«Նա այս պահին խուճապի մեջ է։ Արևմուտքից աջակցություն է խնդրում, ապրում է խալիֆայության պատրանքով։ Շատ մեծ հարստություն է կուտակել։ Գիտի, որ չի կարողանալու վայելել այդ հարստությունը։ Նրան ոտքի վրա պահում են միայն ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու խոսնակները»,- շեշտել է Թանթանը։
Նախկին նախարարը նաև նշել է, որ ԱԶԿ-ի ներսում պայքար է գնում իշխանության համար։ Ընդդիմությանը «մի՛ ձգտեք իշխանության» ասելիս Էրդողանն իրականում ուղերձ է հղում նաև իր կուսակցական գործընկերներին։ Այդպիսով նա հասկացնում է, որ իր ձեռքից չեն կարող իշխանությունը վերցնել, հետևաբար պետք չէ հեռանալ իրենից: