Ռուսթավիի բանտում հացադուլը շարունակող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու առողջական վիճակը վատթարացել է, նա դժվարությամբ է քայլում ու խոսում՝ լրագրողներին ասել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
«Իրավիճակն ավելի բարդացավ այն բանից հետո, երբ երկու-երեք օր առաջ զննեցի Միխեիլ Սաակաշվիլուն: Նա խմեց հյութեր և թեյին խառնեց մեկ գդալ մեղր, սակայն երբ հեռուստատեսությամբ տեղեկացավ, որ ինքը, իբր, բանտախցում մոտ ութ կիլոգրամ մեղր է կերել, հրաժարվեց դրանից, ինչը ծանր ազդեցություն ունեցավ, և նրա վիճակն այժմ կրիտիկական է»,- ասել է բժիշկը:
Նրա խոսքով՝ Սաակաշվիլին թալասեմիա ունի: Դա արյան գենետիկական խանգարում է, որի դեպքում հեմոգլոբինի սինթեզը խախտվում է:
Վրաստանի Քրեակատարողական ծառայությունը, սակայն, Սաակաշվիլու առողջական վիճակի մասին տարածել է հակառակ հայտարարությունը:
«ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե Միխեիլ Սաակաշվիլու առողջական վիճակը վատթարացել է, իրականությանը չի համապատասխանում: Նա ընդունում է նշանակված դեղերը, և այս պահին նրա առողջական վիճակը, կենսական նշանները նորմալ են»:
Հացադուլի պատճառով Վրաստանի նախկին նախագահի առողջության վատթարացման մասին անձնական բժշկի հայտարարությունից հետո Սաակաշվիլու աջակիցները հավաքվել են Ռուսթավի քաղաքի բանտի մոտ և «Մտավարի Արխի» ընդդիմադիր հեռուստաալիքի ուղիղ եթերով քաղաքական գործչին խնդրել են դադարեցնել հացադուլը: