Ավստրիայում կառավարության ճգնաժամն ավարտված է, հայտարարել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը, նախօրեին կանցլեր Սեբաստիան Կուրցի հրաժարականի մասին հայտարարությունից հետո:
Ավստրիայի տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության դատախազությունը հաստատել է, որ քննում է Կուրցին և նրա ինը գործընկերներին կոռուպցիայի և կաշառակերության գործով՝ գրում է ТАСС-ը:
Ընդդիմությունը կոչ էր արել կանցլերին պաշտոնանկ անել: Կուրցը հերքել է կաշառակերությանը նպաստելու կասկածները, այնուամենայնիվ, հրաժարական է ներկայացրել և առաջարկել է կառավարության նոր ղեկավար նշանակել իր մտերիմ գործընկերոջն ու արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգին: Կուրցը կմնա Ավստրիայի պահպանողական ժողովրդական կուսակցության առաջնորդը և կզբաղեցնի Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորի աթոռը:
Արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգին կփոխարինի Միխայել Լինհարտը, որը Ֆրանսիայում Ավստրիայի դեսպան է 2018 թվականից: