2020-ի պատերազմից հետո Արցախում առաջին անգամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել: Խաչմաչ, Հերհեր և Նոր Ղազանչի գյուղերում համայնքի ղեկավար են ընտրել, Ծաղկաշատում՝ նաև ավագանի: Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 8:00-ին, բացվել են բոլոր ընտրատեղամասերը:
Մարիա Սողոմոնյան (Ծաղկաշատի ընտրական հանձնաժողովի անդամ) - Ծաղկաշատ գյուղն ունի 102 ընտրող: Ընդհանրապես, գյուղում միշտ ակտիվ մասնակցում են ընտրություններին: Հույս ունենք՝ այս անգամ էլ կարդարացնեն:
Ժամանակացույցով նախատեսված բոլոր միջոցառումները կատարվել են: Դրանց շրջանակում վերապատրաստվել են տարածքային ընտրական հանձնաժողովների անդամները:
Կարեն Միրզոյան (Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար) - Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից Խաչմաչ և Ծաղկաշատ համայնքներում գրանցվել են համայնքի ղեկավարի երկուական թեկնածու, իսկ Նոր Ղազանչի և Հերհեր համայնքներում՝ համայնքի ղեկավարի մեկական թեկնածու: Ծաղկաշատ համայնքում ավագանու անդամների թեկնածուները 5 հոգի առաջադրվել են: Այսինքն՝ մինչև հազար ընտրող ունեցող համայնքներում շեմը 5 հոգուց է բաղկացած:
Ընտրական ցուցակներում անճշտություններ չկան՝ վստահեցնում է Նոր Ղազանչիի ընտրական հանձնաժողովի նախագահը: Գյուղը 98 ընտրող ունի: Դիտորդական առաքելությամբ ՏԻՄ ընտրություններին հետևել է երկու հասարակական կազմակերպություն:
Կառլեն Ասատրյան (Նոր Ղազանչիի ընտրական հանձնաժողովի անդամ) - Բացակա մարդիկ լինելու են, որովհետև այստեղ չեն բնակվում, բայց դեռ ցուցակներում կան: Ընթանում է նորմալ, ընդհանուր բավարար եմ գնահատում ընտրությունները: Նորմալ է:
Ժամը 20-ին փակվել են բոլոր 4 համայնքների ընտրատեղամասերը: Խաչմաչում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է ընտրողների 69,4 տոկոսը, Հերհերում՝ 50,9 տոկոսը, Նոր Ղազանչիում՝ 70, 4 տոկոսը և Ծաղկաշատում՝ 66,7 տոկոսը: Նախնական արդյունքներով` Խաչմաչում համայնքի ղեկավար է ընտրվել Մխիթար Ղահրիյանը, Հերհերում՝ Արմեն Ալեքսանյանը, Նոր Ղազանչիում՝ Ռուսլան Առուստամյանը և Ծաղկաշատում՝ Սուրեն Սարգսյանը: Բոլոր թեկնածուներն ինքնաառաջադրված են: Բողոքների բացակայության դեպքում ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն 48 ժամում: