Վրաստանի իշխանությունները հոկտեմբերի 11-ը երկրում սգո օր են հայտարարել՝ Բաթումում բնակելի շենքի մասնակի փլուզման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Խորապես վշտացած եմ Բաթումում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին ու մերձավորներին: Նրանց հետ սգում է նաև ողջ Վրաստանը։ Իմ որոշմամբ՝ ի հիշատակ զոհերի՝ հոկտեմբերի 11-ը սգո օր կհայտարարվի»,- գրել է Վրաստանի վարչապետը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաթումում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արդեն հայտարարել է միջադեպի հետաքննության շրջանակներում 3 մարդու ձերբակալման մասին: