ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՀԵՐՔԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՍՔԸ «3+3» ՁԵՎԱՉԱՓԻ ՄԱՍԻՆ
Վրաստանի ԱԳՆ ռազմավարական հաղորդակցությունների վարչությունը հերքել է արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հայտարարությունն այն մասին, որ երկիրը պետք է ներկայացված լինի «3+3» բանակցային ձևաչափում, որում կարող են լինել Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը:
«Ցավոք, սոցիալական ցանցերում սխալ է մեկնաբանվում Վրաստանի արտաքին գործերի նախարարի՝ Հանրային հեռարձակողի հետ հարցազրույցը։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը բազմիցս հայտարարել է, որ չի քննարկում երկրի մասնակցությունը Ռուսաստանի հետ, այսպես կոչված, «3+3» ձևաչափին։ Չնայած դրան՝ միտումնավոր տեղեկություն է տարածվում այն մասին, թե իբր նախարարը հաստատել է Վրաստանի մասնակցությունը նշված ձևաչափին»,- ասված է վարչության հայտարարության մեջ:
Վրաստանի Առաջին ալիքին ավելի վաղ տված հարցազրույցում Դավիթ Զալկալիանին հայտարարել էր, որ չնայած Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններին՝ նման խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում Վրաստանը պետք է գոնե ինչ-որ կերպ ներկայացված լինի:
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ը ՍԳՈ ՕՐ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Վրաստանի իշխանությունը հոկտեմբերի 11-ը երկրում սգո օր է հայտարարել՝ Բաթումում բնակելի շենքի մասնակի փլուզման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ՝ Ֆեյսբուքի էջում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Խորապես վշտացած եմ Բաթումում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին ու մերձավորներին: Նրանց հետ սգում է նաև ամբողջ Վրաստանը։ Իմ որոշմամբ՝ զոհերի հիշատակի կապակցությամբ՝ հոկտեմբերի 11-ը սգո օր կհայտարարվի»,- գրել է Վրաստանի վարչապետը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաթումում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի: Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արդեն հայտարարել է միջադեպի հետաքննության շրջանակում 3 մարդու ձերբակալման մասին:
ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԴԻՄԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է միջազգային հանրությանը՝ նշելով, որ իր գործով դատական լսումներ չեն նշանակում։ Դիմումը նա հրապարակել է Ֆեյսբուքի էջում: Սաակաշվիլին պնդում է, որ իրեն կալանավորել են դատարանի երկու դատավճիռների հիման վրա, որոնք աշխարհում ոչ ոք չի ճանաչում, նաև երկու անավարտ գործերով ձերբակալման օրդերի: Նրա խոսքով՝ իր գործը քննող դատարավորն իր փաստաբանին տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում լսումներ չեն նախատեսվում:
«Կա ակնհայտ փորձ՝ թույլ չտալու հասարակության մեջ իմ հայտնվելը ընտրությունների երկրորդ փուլից առաջ այն դեպքում, երբ գրեթե յուրաքանչյուր խոշոր քաղաքում իմ կուսակցությունը Իվանիշվիլիի կուսակցության հետ հավասար պայմաններում է»,- նշել է Վրաստանի նախկին նախագահը: Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ Սաակաշվիլին դադարեցրել է հացադուլը վրացական բանտում և սկսել է սնունդ ընդունել:
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12-13-ը կայցելի Հայաստան, հայտնել են Հնդկաստանի ԱԳ նախարարությունից: Դա կլինի Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի՝ պատմության մեջ առաջին այցը Հայաստան:
Այցի շրջանակում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների առաջընթացն ու տարածաշրջանային զարգացումները:
Հայաստանում Սուբրամանյամ Ջայշանկարը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԿԱՅՑԵԼԻ ՌԴ, ԼԻԲԱՆԱՆ, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հոկտեմբերի 11-ին կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ մի շարք հարցեր: Ռուսաստան այցից հետո Նուլանդը կմեկնի Լիբանան և Մեծ Բրիտանիա: Հոկտեմբերի 14-ին Բեյրութում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կհանդիպի «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և երկրի իշխանության հետ՝ քննարկելու տնտեսական բարեփոխումների և հաջորդ տարվա ընտրությունների վերաբերյալ հարցեր»:
Հոկտեմբերի 15-ին Լոնդոնում մի շարք գլոբալ հարցերի շուրջ Նուլանդը քննարկումներ կունենա Միացյալ Թագավորության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: