Հոկտեմբերի 8-ին Վենետիկում Aurora Dialogues քննարկումների շրջանակում անցկացվել է հանդիպում «Ավրորայի» հերոսների հետ: Հանդիպման ընթացքում 2021 թ. «Ավրորայի» հինգ հերոսները ներկայացրել են իրենց աշխատանքն ու ոգեշնչման աղբյուրը, քննարկել, թե ինչպիսի աջակցություն է անհրաժեշտ իրենց համայնքներում շոշափելի փոփոխություն իրականացնելու համար: Քննարկումը տեղի է ունեցել Վենետիկի միջազգային համալսարանի դահլիճում՝ Սան Սերվոլո կղզում:
Քննարկման սկզբում «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ֆարթուն Ադանին է հանձնել մրցանակը խորհրդանշող արձանիկը: Հիշեցնենք, որ անցած տարի «Ավրորա» ամենամյա հինգերորդ մրցանակը շնորհվել էր Ֆարթուն Ադանին և Իլվադ Էլմանին: Կորոնովիրուսի համավարակի բռնկման և ձեռնարկված սահմանափակումների պատճառով 2020 թ. դափնեկիրները հայտարարվել էին առցանց:
Ներկա հյուրերին և 2021 թ. «Ավրորայի» հերոսներին ողջունել են նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը:
2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը և դրան ուղեկցող միջոցառումներն այս տարի անցկացվում են Վենետիկում՝ հոկտեմբերի 8-10-ը: Սա առաջին անգամ է, որ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն անցկացվում է Եվրոպայում, ինչն էլ կընդգծի սերտ կապը համաշխարհային կարևորության մշակութային այս կենտրոնի և «Ավրորայի» գաղափարի միջև, որը խորապես արտահայտում է հարգանքը մարդկային կյանքի հանդեպ, ինչի կրողն է յուրաքանչյուր հայ և «Ավրորա» համաշխարհային շարժման յուրաքանչյուր անդամ:
2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 9-ին, իսկ մրցանակի շնորհման արարողությունը կանցկացվի Սուրբ Ղազար կղզում:
Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո սա «Ավրորա» մրցանակի շնորհման առաջին ոչ առցանց արարողությունն է: