Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է միջազգային հանրությանը՝ նշելով, որ իր գործերով դատական լսումներ չեն նշանակում։ Դիմումը նա հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում:
Սաակաշվիլին պնդել է, որ իրեն կալանավորել են դատարանի երկու դատավճիռների հիման վրա, որոնք աշխարհում ոչ ոք չի ճանաչում, ինչպես նաև երկու անավարտ գործերով ձերբակալման օրդերի:
Նրա խոսքով՝ իր գործը քննող դատավորն իր փաստաբանին տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում լսումներ չեն նախատեսվում:
«Կա ակնհայտ փորձ՝ թույլ չտալու հասարակության մեջ իմ հայտնվելը ընտրությունների երկրորդ փուլից առաջ այն դեպքում, երբ գրեթե յուրաքանչյուր խոշոր քաղաքում իմ կուսակցությունը Իվանիշվիլիի կուսակցության հետ հավասար պայմաններում է»,- նշել է Վրաստանի նախկին նախագահը:
Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ Սաակաշվիլին դադարեցրել է հացադուլը վրացական բանտում և սկսել է սնունդ ընդունել: