ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է սեպտեմբերի երկրորդ կեսից սկսված խստացված ստուգումները հանրապետության թարմ մսի իրացման ցանցում՝ ստուգելով վաճառվող մսի սպանդանոցային ծագումը:
Տեսչական մարմնի անասնաբուժության վարչության մասնագետների ու Երևանի և Սյունիքի մարզային կենտրոնների տեսուչների համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի, Ագարակ քաղաքների թարմ միս-մսեղիքի իրացման տաղավարներում խախտումներ չեն արձանագրվել. ողջ մսեղիքի համար ներկայացվել է սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական վկայականը:
Գորիս քաղաքի մսի իրացման տաղավարներից մեկում հայտնաբերվել է ոչ սպանդանոցային ծագման 22 կգ միս, որը հանվել է վաճառքից և ենթակա է ոչնչացման կամ օգտահանման: Խախտումներ են արձանագրվել նաև Սիսիանի մի շարք իրացման կետերում։
Ուժեղացված վերահսկողությունը շարունակվում է:
«Հորդորում ենք սպառողներին մսի իրացման կետերում, հանրային սննդի օբյեկտներում պահանջել ձև 5 փաստաթուղթը կամ պիտակը, ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող/մատուցվող մսի մասին ամբողջ տեղեկատվությունն ու համոզվելով, որ մսի տվյալ խմբաքանակն ունի սպանդանոցային ծագում և անվտանգ է»,- ասված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ: