Տարածվող լուրերը, թե պատվաստված մարդիկ արյան դոնոր չեն կարող դառնալ, իրականության հետ ոչ մի կապ չունեն՝ ասում են Արյունաբանության կենտրոնի մասնագետները: Ընդ որում՝ այս հակադոնորային ակցիաների հարցում մարդիկ տարբեր խմբերի են բաժանվել. ոմանք ասում են 1 տարի չեք կարող դառնալ, մյուս մասը՝ թե մի ամբողջ կյանք: Մասնագետները հիշեցնում են, պատվաստվածը հիվանդ չէ, մինչդեռ հակացուցումների մեջ հիվանդություններն են, որոնք թվարկված են Արյունաբանականի կայքում:
Անդրանիկ Շամիլյան (Արյունաբանական կենտրոնի արյան բաղադրամասերի պաշարման բաժանմունքի վարիչ) - Կապվել ենք մեր գործընկերների հետ, տարբեր երկրների՝ թե Գերմանիա, թե Ռուսաստան, թե Ամերիկա, նույն Ռոբերտ Կոխի համալսարանի հետ ենք վերջերս խոսել, իրանք ասում են՝ կարող են հենց հաջորդ օրը արյուն հանձնել, եթե չկա ոչ մի հետպատվաստումային բարդություն:
Հայաստանում, ըստ առողջապահության նախարարության որոշման՝ պատվաստվելուց 10 օր անց քաղաքացին արդեն կարող է արյան դոնոր դառնալ:
Անդրանիկ Շամիլյան - Դա էն ժամկետն է, որ կարող ես հասկանալ՝ դոնորի մոտ կարող է հետպատվաստումային որոշակի բարդություններ են եղել, և դա որևէ կերպ չկապեն արյունատվության հետ: 10 օրը այն օպտիմալ ժամկետն է, որ կարելի է պատվաստումից հետո, եթե չկան ջերմություն, ցավ, կարող են հանգիստ արյուն հանձնել:
Պատվաստված դոնորի արյունը վիրուս չի պարունակում՝ դարձյալ արձագանքելով տարածված լուրերին ասում է մասնագետը, ավելին՝ եթե պատվաստումից բավականին ժամանակ անցած լինի, նույնիսկ հակամարմիններ կարող են փոխանցվել դոնորից հիվանդին: Քովիդով վարակված-առողջացածները նույնպես կարող են դոնոր դառնալ:
Անդրանիկ Շամիլյան - Եթե մնացորդային երևույթներ չկան, կարող է լավացումից մաքսիմում 2 շաբաթ անց հանգիստ գալ, արյան դոնոր դառնալ: Իսկ եթե ծանր է տարել, էնտեղ շնչառության, թոքերի զանգվածային ախտահարումով, մնացորդային երևույթներ կան, նման մարդը, ինձ թվում ա՝ ինքն էլ չի գա արյուն հանձնելու:
Հայաստանում արյան բանկի պաշարը միջազգային չափանիշներով ընդունված նորմային է հասնում միայն պատերազմի ժամանակ՝ ասում են արյունաբանները, այլ դեպքերում կամ զլանում են, կամ հավատում ապատեղեկատվությանը, որոնց հիմա էլ ավելացել է պատվաստված լինելու՝ իբրև թե հակացուցումը: