«Ավրորայի» հերոսները Վենետիկի միջազգային համալսարանում են: Այս տարվա հինգ հերոսները ներկայացրել են իրենց աշխատանքն ու ոգեշնչման աղբյուրը, քննարկել, թե ինչպիսի աջակցություն է անհրաժեշտ՝ իրենց համայնքներում շոշափելի փոփոխություն իրականացնելու համար:
Հերոսները 27 երկրից են. «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին 2020-ի դափնեկիր Ֆարթուն Ադանին է հանձնում մրցանակը խորհրդանշող արձանիկը: Իսկ անցած տարի համավարակի պատճառով դափնեկիրների անուններն առցանց էին հայտարարվել. «Ավրորայի» հինգերորդ մրցանակը շնորհվել էր Ֆարթուն Ադանին և նրա դստերը՝ Իլվադ Էլմանին:
Լորդ Արա Դարզի, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ - Պատիվ ունեմ ավարտին հասցնելու 2020-ի կիսատ գործը: Ֆարթունը և նրա դուստրը՝ Իլվադ Էլմանը, երկուսն էլ իրավապաշտպան են և ղեկավարում են Սոմալիի «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնը: Անցած տարի նրանք երկուսն էլ դարձան «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ կանանց իրավունքների պաշտպանությանը, խաղաղաշինությանը և մանկահասակ զինվորների վերականգնմանն ուղղված աշխատանքի համար: Նրանց աշխատանքը մարդկայնության համընդհանուր ոգու մարմնացումն է, որը հպարտությամբ մեծարում է և որին աջակցում է «Ավրորան»:
Հյուրերին, «Ավրորայի» այս տարվա հերոսներին ողջունում է նաև մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, արձանագրում՝ մեծ հավատ ունեն, որ աշխարհը կարող է ավելի լավը լինել, իսկ դրա համար պետք է յուրաքանչյուրն իր ձևով աշխատի ու ձգտի հասնել հաջողության:
Նուբար Աֆեյան, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր - Երախտապարտ լինելը կարող է պարզապես սահմանափակվել շնորհակալություն ասելով: Հաճախ մենք նույնիսկ դա ենք մոռանում: Բայց «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը միայն շնորհակալություն ասելը չէ, այլ այն գործով արտահայտելն է, քայլեր ձեռնարկել և ժամանակ ու էներգիա տրամադրել մեր ամբողջ կյանքում, որպեսզի բարությամբ պատասխանենք մեր հանդեպ արած բարությանը՝ այլոց կողմից մեզ տրված երկրորդ հնարավորությանը:
Իսկ «Ավրորան», ըստ Աֆեյանի, ստեղծվել է՝ մեծարելու այն մարդկանց, որոնք վտանգում են սեփական կյանքը՝ փրկելու վատագույն ճգնաժամերում հայտնված մարդկանց: «Ավրորայի» մյուս համահինադիրը՝ Ռուբեն Վարդանյանը, հույս ունի, որ այն, ինչ արել են 6 տարվա ընթացում՝ մարդկանց ցույց կտա, թե ինչպես կարող են անկախ բոլոր մարտահրավերներից սիրել և պահպանել հույսն ու հավատը:
Ռուբեն Վարդանյան, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր - Ամենակարևորը սերն է մարդկանց նկատմամբ, ոչ թե ատելությունը, բացասական վերաբերմունքը, այլ դրական լիցքերը: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, որ դուք կաք: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ անում ենք միասին:
Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, առաջին անգամ Եվրոպայում հայտարարվեց «Ավրորայի» դափնեկրի անունը. մրցանակն ստացել է մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության և զարգացման» կազմակերպության և Կոնգոյի կանանց հիմնադրամի համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեին: Նա տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվածներին: