ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցի սաները բեմադրել են «Սասնա ծռեր» մնջախաղային ներկայացումը (ղեկավար՝ Գևորգ Պողոսյան):
Այն կրել է «Երեխաները երեխաների համար» խորագիրը և տեղի է ունեցել «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Միջոցառումը բարեգործական էր, և ստացված հասույթն ուղղվելու է կրթահամալիրում ինտերակտիվ սենյակի տեխնիկական հագեցմանը:
Լսողության խանգարում ունեցող երեխաները հանդիսատեսին են փոխանցել հայկական էպոսի խորհուրդը` խոսուն լռությամբ: Ներկայացումը ներառում էր կրթության, մշակույթի, որոշակիորեն նաև սպորտային տարրեր: Էպոսի ուսումնասիրությունից մինչև բեմադրություն ընթացքի նպատակն էր դրա բովանդակությունը երեխաներին ներկայացնելը:
«Մեր սաները մասնագետների և սուրդո թարգմանիչների օգնությամբ ուսումնասիրել են էպոսը, ծանոթացել հերոսներին, բացահայտել էպոսի բովանդակության խորքերը: Յուրաքանչյուր աշակերտ ընտրել է իրեն հոգեհարազատ դերը, և Գևորգ Պողոսյանի, Նելլի Միքայելյանի ջանքերով բեմականացվել է ներկայացումը»,- ասել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանը:
Նշենք, որ կրթահամալիրի սաների մասնակցությամբ պայմանականորեն ձևավորված մնջախաղի թատրոնն անվանվել է «Ժեստ»: