Ակտիվ շփումներ ընտրողների հետ և նախընտրական խիտ գրաֆիկ. «Զարթոնք» կուսակցությունը օրը մի քանի հանդիպում է անցկացնում։ Ծրագրի մասին խոսելիս քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանն ասում է՝ ժողովուրդն ինքը պետք է թելադրի քաղաքային իշխանության ծրագիրը, թե չէ թղթի վրա ծրագիր ունեն բոլոր ժամանակների իշխանությունները, որն այդպես էլ թողնում են թղթի վրա։
Վարդևան Հակոբյան («Զարթոնք» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու) - Ճապոնիայում թողնում են՝ ժողովուրդը ոնց փողոցն անցավ, այդպես են սարքում փողոցը։ Արձանագրում ենք խնդիրները, դրանց ռեալ, իրական ծրագիրը, երբ որ ստանձնենք մեր ծառայությունը։
Ինքը՝ «Զարթոնքի» քաղաքապետի թեկնածուն, Գյումրու համար առաջնային է համարում տնակների խնդիրը։
Վարդևան Հակոբյան - Գտել ենք լուծում, այդ մարդկանց փողոց չենք հանելու, որ գնան արտագաղթեն, հողը անհատույց սեփականության իրավունքով տալու ենք և օգնելու ենք, որ կառուցեն տները:
Պետք է լուծել նաև վթարային շենքերի խնդիրը՝ շենք առ շենք անձնագրավորել, վերակառուցել կամ ամրացնել դրանք։
Վարդևան Հակոբյան - Լուսավորության, ուղևորափոխադրման, շենքերի պահպանության, կտուրների, մի բան ուզում եմ շեշտել, ամենակարևորը՝ ժողովրդի մոտ հավատի, անտարբերության խնդիրն է։ Որևէ մեկը չի լսել, չի գնում, չեն կարողանում այդ խնդիրները բարձրաձայնել։
Ցուցակում անհատականություններ են, կառավարիչներ, որոնք լավ են պատկերացնում քաղաքային իշխանությունն ու պատրաստ են ստանձնել քաղաքի կառավարումը՝ ասում է Հակոբյանը։ Նա դեռ վաղ է համարում ընտրություններից հետո մյուս ուժերի հետ համագործակցության մասին խոսելը, բայց շեշտում է՝ պետք է ընտրել այնպիսի գործելաոճ, որ քաղաքը դառնա միասնական օրգանիզմ։