Եվրամիությունը դատապարտում է Աֆղանստանի հյուսիսում գտնվող Կունդուզ քաղաքի մզկիթում հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ահաբեկչությունը, որի զոհ է դարձել շուրջ 100 մարդ: ԵՄ-ն կոչ է անում պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Այդ մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ։
Թվիթերյան գրառման մեջ ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ բոլոր աֆղանստանցիների իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն՝ անկախ նրանց էթնիկ և կրոնական պատկանելությունից։ Նա ընդգծել է, որ ահաբեկչական հարձակումների շարունակությունը լուրջ խոչընդոտ է Աֆղանստանում խաղաղության և կայունության ճանապարհին:
Աֆղանստանի հյուսիսային Կունդուզ նահանգի Սաիդ Աբադ շիա մզկիթում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվել է 100 մարդ: «Թալիբան» շարժման մշակութային հարցերով հանձնաժողովի անդամ Մոհամմադ Ջալալը հայտնել է, որ ահաբեկչությունն իրականացրել է «Իսլամական պետության» Խորասանի խմբավորման զինյալները: