Ժամանակն է դիտարկել Եվրամիության բյուջեից Լեհաստանին կատարվող վճարումների արգելափակման նպատակահարմարության հարցը: Այս մասին La Repubblica թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին:
«Եվրահանձնաժողովը բանակցություններ է վարում Լեհաստանի իշխանությունների հետ՝ Միության հիմնարար սկզբունքների շուրջ, որոնք չպահպանելը կարող է արգելափակել Լեհաստանի վերականգնման ծրագրի հաստատումը»,- ասել է նա: Պաշտոնյան հավելել է, որ Եվրոպական խորհրդարանը պայքարել է ԵՄ բյուջեի բաշխման մասին որոշման ընդունման համար՝ հաշվի առնելով իրավունքի գերակայության սկզբունքը, և այժմ ժամանակն է գնահատել դրա կոնկրետ կիրառումը։
Սասոլին հույս է հայտնել, որ դեռևս կա հնարավորություն՝ խուսափելու անդառնալի ճգնաժամից:
Նա ընդգծել է, որ եվրոպական իրավունքի գերակայությունը ազգայինի նկատմամբ չի կարող հարցականի տակ դրվել:
Ավելի վաղ Լեհաստանի Սահմանադրական դատարանը որոշել էր, որ ԵՄ մի շարք օրենքներ ու դատական որոշումներ հակասում են Լեհաստանի Սահմանադրությանը: Դատարանը եզրակացրել էր, որ Լեհաստանի Սահմանադրությունը երկրի գերագույն օրենքն է, և դրան ենթակա է ցանկացած միջազգային պայմանագիր: