«Թատերական Լոռի» փառատոնը եզրափակվեց Ալավերդիում՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Ռևիզոր», Վանաձորում՝ Համազգային թատրոնի «Լյու Բյեֆ» ներկայացումներով: «Լյու Բյեֆի» հիմքում Դանիիլ Խարմսի պատմվածքներն են: Ռեժիսորի խոսքով՝ փառատոնի շրջանակում Լոռու հանդիսատեսն իրենց ժպիտով է ընդունել, գուցե հասկացել է ներկայացման շաշությունը:
Նարինե Գրիգորյան (Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար) - Կողք կողքի մարդիկ ինչքան են միայնակ զգում: Այդ ձգողության ուժը, այդ ամենը, որ պահում է որպես մի մոլորակ, էդ Լյու Բյեֆն ա:
Գագիկ Մադոյան (Համազգային թատրոնի դերասան) - Սա մարդկանց իրար կապող ձգողականության մասին է, ձգողականության ուժի մասին է, սա մարդկանց իրար հարազատ լինելու մասին է, սա մեր մասին է, որ բոլորս պետք է միասնական լինենք:
«Թատերական Լոռիի» շրջանակներում մարզի 5 քաղաքների շուրջ 6000 թատերասեր հնարավորություն ունեցավ վայելել ոչ միայն մեր, այլև Ռուսաստանից և Վրաստանից ժամանած թատերախմբերի ներկայացումները:
Արամ Գրիգորյան (Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ) - Շատ եմ կարևորում «Թատերական Լոռի» փառատոնը, սրանով ավելի են ամրապնդվում հասարակությունը և թատրոնը, մշակութային կյանքը:
Նարինե Գրիգորյան - Շատ ուրախ եմ, որ ա՛յ էսպես մի պահ հանկարծ ամբողջ այս շրջանը սկսում է շնչել թատրոնով, և այսքան լեփ-լեցուն են լինում դահլիճները:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Русский мир հիմնադրամի և Ալավերդու համայնքապետարանի աջակցությամբ կազմակերպված փառատոնը նվիրված էր Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-ամյակին։
«Թատերական Լոռին» տևեց 10 օր, հյուրընկալեց 14 թատերախմբերի՝ 28 ներկայացմամբ:
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան