ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
«Ողջունելով դեսպանին՝ բարձր գնահատեցի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և դրանց շարունակական զարգացումը, հատկապես` դրանց հիմքում մշտապես եղած փոխըմբռնումը և վստահությունը։
Դեսպանը շնորհավորեց ինձ հանձնաժողովի նախագահ ընտրվելու առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք։ Քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, միջպետական, միջկառավարական և տարածաշրջանային համագործակցության առնչվող հարցեր։
Գոհունակություն հայտնեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, հատկապես ռուսական կողմի ջանքերի վերաբերյալ՝ միտված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրականացմանը, ինչպես նաև տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։
Տվյալ համատեքստում անդրադարձա Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին և եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների խախտումներին։ Նշեցի, որ օրակարգային կարևորագույն հարցը շարունակում է մնալ հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը հայրենիք։
Դեսպանը, իր հերթին, նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին։ Ինչպես նաև ընդգծեց կողմերի միջև գերիների փոխանակման օգտին «բոլորը բոլորի դիմաց» ռուսաստանյան սկզբունքի կարևորությունը։
Նշեցի, որ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում զարգացող իրադարձություններն ընդգծելու են գալիս մեր պետությունների միջև բարեկամական փոխգործակցության կարևորությունը։ Քննարկեցինք համագործակցությունը և գալիք աշխատանքները ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ և մի շարք այլ կառույցների ու կազմակերպությունների շրջանակներում։
Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվեց երկու պետությունների՝ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության հետագա խորացումը ամենատարբեր ոլորտներում»,- գրել է Աղաջանյանը։