Ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն «ԵՄ-ը հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
Հայաստանի Հանրապետությունում ծրագրի գործընկերներն են Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները։
Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են EU4Sevan ծրագրի նպատակը, գործողությունները, խնդիրները և մինչ օրս գրանցած արդյունքները: Ըստ Քրիստիան Հենշելի՝ նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը և կարգավորել Սևանա լճի շուրջ տարիներ ի վեր կուտակված բնապահպանական մի շարք խնդիրները: Ծրագիրն իրականացվելու է հետևյալ ուղղություններով՝
• Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկումն ու կառավարման կարողությունների բարելավում
• Էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունների բարելավում
• Կոյուղաջրերի մաքրման, ներառյալ բնության վրա հիմնված լուծումների իրականացման կարողությունների բարելավում
• Սևանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում և տեղեկատվության հասանելիության բարելավում՝ ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում
• Սևանա լճի էկոհամակարգի կառավարման բարելավում:
Առաջին չորս ուղղություններն իրականացվում են ԳՄՀԸ կողմից, իսկ վերջինը՝ ՄԱԶԾ-ի կողմից։ Այնուհետև «EU4Sevan» ծրագիրն իրականացնող աշխատանքային թիմի անդամները Գեղարքունիքի մարզպետին են փոխանցել վերոնշյալ ուղղություններով իրականացվող գործողությունների փաթեթը: Մարզպետը նաև առաջարկել է ծրագրի իրականացման ընթացքում համագործակցել ՀՀ Ջրային կոմիտեի և Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ոլորտների ներկայացուցիչների հետ՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով աջակցել ծրագրին՝ մարզպետարանի լիազորությունների շրջանակներում:
«Մենք բազմիցս առիթ ենք ունեցել քննարկելու կեղտաջրերի մաքրման հարցը և ուրախ եմ, որ այսօր այդ խնդիրն արդեն լուծման ճանապարհին է: Ներկայացրած բոլոր հինգ կետերն էլ թիրախային են մարզի համար, և ուրախ կլինենք, որպեսզի դրանք իրականություն դառնան սահմանված ժանամակահատվածում: Մենք պատրաստակամ ենք համագործակցել, ինչպես նաև պարբերաբար կազմակերպվող քննարկումների ընթացքում մեր առաջարկություններն ու դիտարկումները ներկայացնել»,- նշել է Կարեն Սարգսյանը:
Հանդիպման ավարտին հյուրերն իրենց գոհունակությունն են հայտնել Գեղարքունիքի մարզպետին կառուցողական քննարկում ծավալելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերվել նշանակել պատասխանատու, որը մարզում կհամակարգի իրականացվելիք ծրագրից բխող աշխատանքները: EU4Sevan ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել 2024 թվականի օգոստոս ամսին: