Հաագայի դատարանը հոկտեմբերի 14-ին և 15-ին կանցկացնի լսումներ՝ քննելու Հայաստանի ներկայացրած հրատապ միջոց կիրառելու մասին միջնորդությունը: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում երկօրյա քննարկումը կհեռարձակվի առցանց: Քննարկմանը ներկա կլինի ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը: Լսումներին մասնակցելու համար կազմավորվել է միջազգային փորձագետներից կազմված խումբ, որը կօգնի ներկայացնելու Հայաստանի շահերը:
Եղիշե Կիրակոսյան (ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ) - Ես եմ ներկայացնում Հայաստանի շահերը գործի շրջանակներում, անպայման ներկա եմ լինելու: Լսումների տրամաբանությունն այն էր, որ հրատապ միջոց կիրառելու պահանջ էինք ներկայացրել՝ ընդգծելով իրավիճակի հրատապությունը: Պահանջների մեջ, ի թիվս այլի, ներառել ենք ատելության խոսքի դադարեցումը, «ռազմավարի պուրակի» փակումը կամ կասեցումն առնվազն:
Հայաստանն Ադրբեջանի դեմ հայցով դիմել էր Հաագայի դատարան սեպտեմբերի 16-ին՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Ներկայացված պահանջներից են գերիների վերադարձը, հայկական հոգևոր, կրոնական, մշակութային ժառանգության ոչնչացման դադարեցումը, պահպանության ապահովումը:
Եղիշե Կիրակոսյան - Պահանջների տրամաբանությունը կայանում է նրանում, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի գոյություն ունեցող խախտումները, այսինքն՝ ընթացիկ խախտումները և ձեռնպահ մնա հետագայում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների խախտումներից, որ գործի քննությունը կայանա իր բնականոն հունով: Սա շատ կարևոր միջոց է:
Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցչի խոսքով՝ լսումները կարևոր են, քանի որ Արդարադատության միջազգային դատարանը հրատապ միջոցի վերաբերյալ որոշում կայացնում է միայն լսումների անցկացումից հետո: Ակնկալվում է, որ այդ որոշումը դատարանը կկայացնի մեկ-մեկուկես ամիս անց: Բուն գործի քննությունը կծավալվի դրանից հետո:
Եղիշե Կիրակոսյան - Պարզ ա լինելու գրավոր փուլը, ներկայացվելու են Հայաստանի փաստարկները՝ խոր և համապարփակ տեսքով: Պատասխանը պարզ կլինի, էլի լսումներ են ակնկալվում գործի վերաբերյալ:
Եղիշե Կիրակոսյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ գործընթացն աննախադեպ է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանն առաջին անգամ է դիմում Հաագայի դատարան: