Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Հայկո Մաասը և Ժան Իվ Լը Դրիանը Լեհաստանին կոչ են արել լիարժեք պահպանել Եվրամիության կանոնները և հարգել հանրության ընդհանուր արժեքները: Այս մասին ասված է երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների տարածած համատեղ հայտարարության մեջ։
«Հիշեցնում ենք, որ ԵՄ-ին անդամակցությունն ուղեկցվում է ընդհանուր արժեքներին և կանոններին լիակատար և անվերապահ հավատարմությամբ: Դրանց նկատմամբ հարգանքը և դրանց պահպանումը պետք է ապահովի յուրաքանչյուր անդամ պետություն, ինչը, իհարկե, վերաբերում է նաև Լեհաստանին, որը կենտրոնական տեղ է զբաղեցնում ԵՄ-ում»,- նշված է փաստաթղթում:
Ավելի վաղ Լեհաստանի Սահմանադրական դատարանը որոշել էր, որ ԵՄ մի շարք օրենքներ ու դատական որոշումներ հակասում են երկրի Սահմանադրությանը:
Դատարանը եզրակացրել էր, որ Սահմանադրությունը երկրի գերագույն օրենքն է, և դրան ենթակա է ցանկացած միջազգային պայմանագիր: