Այս տարի առաջին անգամ Հայաստանը ներկայացված է հեղինակավոր World Travel Awards 2021 մրցանակաբաշխության միանգամից երկու անվանակարգերում: Նախ՝ Հայաստանը կարևոր է համարվել իր մշակութային ժառանգությամբ, բացի այդ, «Տաթևեր» ճոպանուղին ներկայացված է նմանատիպ այլ ճոպանուղիների շարքում:
Գայանե Այվազյան (Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարքեթինգի փորձագետ) - Շատ ուրախալի լուր է Հայաստանի համար, քանի որ World Travel Award-ը համարվում է բավականին ճանաչված մրցանակաբաշխություն: Դա հավելյալ հնարավորություն է Հայաստանի համար ճանաչելի դառնալ աշխարհին, ճանաչելի դառնալ տարբեր երկրների համար և նոր շուկաներ բացահայտել:
Մրցանակաբաշխությունը բաց է քվեարկության համար, պետք է այցելել կայք ու քվեարկել նախընտրած անվանակարգերի համար: Տվյալներն ամփոփվելու են հոկտեմբերի 24-ից հետո: Մրցանակաբաշխությունը նախատեսված է նոյեմբերին՝ Մոսկվայում:
Գայանե Այվազյան - Դեռևս հունիսին Զբոսաշրջության և քաղաքաշինության հիմնադրամը հրավիրել էր մրցանակաբաշխության ներկայացուցիչներին՝ հենց ղեկավարներին, Հայաստան առաջին անգամ, որպեսզի ծանոթանան Հայաստանի հնարավորություններին, պոտենցիալին, և նույնիսկ համագործակցության պայմանագիր կնքվեց, ինչը իհարկե նպաստեց, որ Հայաստանն այս տարի ընդգրկվի այս անվանակարգերում:
Զբոսաշրջության կոմիտեից վստահեցնում են՝ մեր երկիրն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով իրականացվում են նաև բազմաթիվ այլ միջոցառումներ: Օրերս Հայաստանում տեղի ունեցավ ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը: Մասնակից պետություններից մի քանիսի ներկայացուցիչներն այստեղ էին, մյուսներն էլ տեսակապի միջոցով էին մասնակցում նիստին:
Սոնա Հովհաննիսյան (Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ) - Որոշումը, որ Հայաստանում պետք է անցկացվի այս տարվա նիստը, կայացվել էր դեռևս 2019 թվականին՝ նախորդ նիստի շրջանակներում, որ տեղի էր ունեցել Ուզբեկստանում, և դեռևս նախորդ տարվա նոյեմբերից Հայաստանին էր փոխանցվել նաև խորհրդի ղեկավարումը:
Ներկայացվել է հայկական զբոսաշրջության ներուժը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել ընդլայնել համագործակցության շրջանակը: