«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա վեցերորդ մրցանակն այսօր շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության և զարգացման» կազմակերպության և Կոնգոյացի կանանց հիմնադրամի համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեին, որը տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվածներին:
Նա խիզախորեն բարձրաձայնել է Կոնգոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սարսափելի սեռական բռնության ենթարկված հազարավոր կանանց հուսահատ վիճակի մասին և համառորեն գործել՝ հանցագործներին բացահայտելու ու պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտարարվել է Իտալիայի Սուրբ Ղազար կղզում տեղի ունեցած «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն «Ավրորա» մրցանակը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների:
«Ջուլիեն Լուսենգեի բացառիկ ձեռքբերումները հիշեցնում են մեզ այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մեկ մարդը նույնիսկ անհաղթահարելի թվացող ճնշման և ռիսկերի հանդիպելիս: Ճանաչման արժանացնելով նրա խիզախությունը, նվիրումն ու անձնազոհությունը՝ մենք լիահույս ենք, որ նա կարող է նաև ոգեշնչել մեզնից յուրաքանչյուրին՝ մտածելու այն մասին, թե ինչ կարող ենք անել նրանց համար, ում իրավունքները խախտվում են, և ովքեր մեր աջակցության և համերաշխության խիստ կարիքն ունեն»,- նշել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ և Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:
«Կորոնավիրուսի համավարակը մեզ վերջնականապես ցույց տվեց, որ այն, ինչ տեղի է ունենում աշխարհի մի անկյունում, որքան էլ հեռու լինի այն, ազդում է բոլորիս վրա: Մենք չենք կարող անտարբեր մնալ այլոց տառապանքների նկատմամբ. մենք չենք կարող մեզ թույլ տալ անհոգ լինել: Այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է թույլ տանք, որ մեզ միավորեն և առաջնորդեն երախտագիտության և մարդկայնության համընդհանուր արժեքները, ինչպես դրանք առաջնորդում են 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեին»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը:
Որպես 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջուլիեն Լուսենգեն կստանա 1.000.000 ԱՄՆ դոլար պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց: Այս տարի, հաշվի առնելով 2020 թ. պատերազմից տուժած արցախցիների խիստ կարիքները, «Ավրորան» կառաջարկի նրան մրցանակի 25 %-ն ուղղել Արցախի մարդասիրական հրատապ խնդիրների հաղթահարմանը:
«Ավրորայի» համահիմնադիրներն ստանձնել են հանձնառություն՝ կրկնապատկելու այդ նվիրատվությունը՝ գումարի չափը հասցնելով 500.000 ԱՄՆ դոլարի: Բացի դրանից, տիկին Լուսենգեն առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք աջակցում են համայնքներում գործող և կանանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին, զորացնում գենդերային բռնության զոհերին և օգնում ներքին տեղահանված անձանց՝ վերաինտեգրվելու իրենց համայնքներ, որոնց և նա կնվիրաբերի ֆինանսական միջոցներ՝
-
Կոնգոյացի կանանց հիմնադրամ,
-
Կոնգոյի համերաշխության լիգա,
-
«Մայրերի ընկերություն՝ հանուն զարգացման և խաղաղության»:
«Ջուլիեն Լուսենգեի և նրա կազմակերպությունների՝ կանանց աջակցությանն ուղղված բացառիկ աշխատանքը, ինչպես նաև նրա քաջությունն ու հաստատակամությունը՝ հակադրվելու տեղական հզոր ուժերին հանուն կանանց պաշտպանության, գթասրտության, բարության և նվիրումի լավագույն օրինակն են: «Ավրորայի» ամենակարևոր նպատակներից մեկը նման հերոսներին քաջալերելն է, և մենք երախտապարտ ենք, որ ունենք այդ հնարավորությունը»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին:
SOFEPADI կազմակերպության գործունեության մի մասը կազմում են հիվանդանոցն ու շարժական կլինիկաները, որոնք համապարփակ բժշկական և հոգեբանական օգնություն են տրամադրում սեռական բռնության զոհերին: 2010-2020 թթ. բժշկական կենտրոնն ընդունել և բուժել է 6.284 մարդու, որոնցից 567-ը՝ ներքին տեղահանված անձինք: SOFEPADI-ն նաև խրախուսում է սոցիալ-տնտեսական վերաինտեգրումը եկամտաբեր գործունեությամբ, արհեստների ուսուցմամբ և դպրոցներում ներգրավմամբ, իսկ փրկվածներին տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն և ներկայացուցիչ դատարանում:
«Ավրորան» համաշխարհային շարժում է, որի հիմքում «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարն է: Շնորհիվ հարյուրավոր մարդկանց, որոնք արդեն միացել են մեզ, այն ազդեցությունը, որին կարողացել է հասնել «Ավրորան», բառացիորեն փոխում է աշխարհը: Մեզ համար պատիվ է ճանաչման արժանացնել Ջուլիեն Լուսենգեի նման հերոսների և կարողանալ ներկայացնել և խթանել նրանց աշխատանքը՝ ամբողջ աշխարհից մեր աջակիցների և նվիրատուների օգնությամբ»,- նկատել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Noôdome հարթակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Մեկնարկից ի վեր՝ «Ավրորա» մրցանակը փոխել է պատերազմից, հակամարտություններից և մարդասիրական այլ ճգնաժամերից տուժած ավելի քան 1.000.000 մարդու կյանք: Գործողությունների վրա հիմնված այս բարեգործությունը, որի նպատակն է հասնել շոշափելի արդյունքի, հնարավոր է դառնում աջակիցների շնորհիվ, որոնց նվիրատվություններն ընձեռում են հնարավորություն՝ շարունակելու աջակցել մերօրյա հերոսներին: «Ավրորան» բարձր է գնահատում իր առաքելությանն ուղղված յուրաքանչյուր հանձնառություն և կոչ է անում յուրաքանչյուր անհատի՝ միանալու և աջակցելու մարդասիրական ջանքերին:
Միևնույն ժամանակ՝ շարունակվում են 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար թեկնածուների առաջադրումները: Մինչև 2021 թ. հոկտեմբերի 31-ը յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել իր թեկնածուին, որը հաղթահարել է անձնական մեծագույն մարտահրավերներ ուրիշներին օգնելու համար:
«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման:
«Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի համաշխարհային շարժման և «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի փրկողների շրջանակը, և ամենակարևորը՝ կմեծանա փրկվածների թիվը:
Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին. «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են և հույս պարգևում այլոց»՝ «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը:
Այս հանձնառության նպատակն է խթանել գործողությունների վրա հիմնված բարեգործությանը, որը կբերի շոշափելի արդյունքի: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ և 100 LIVES նախաձեռնություն:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ և գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան` որպես վիրաբույժ, մարդասեր և 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդասիրական գործունեության իր փորձառությամբ աշխարհում տարածում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը և համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնև, Շվեյցարիա) և «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ (Երևան, Հայաստան):
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել և աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետևանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի և ունեցած ազդեցության:
Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգև, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան և աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ և The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն և IMAGINE կազմակերպության համահիմնադիր նախագահ Փոլ Փոլմանը, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը (1934-2021): Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:
Պատվավոր համանախագահներն են խաղաղության և մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը և օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին։ Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամներն են Կոստա Ռիկայի նախկին նախագահ և Նոբելյան դափնեկիր Օսկար Արյասը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական և գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը: