Տեսչական մարմինները շարունակում են ուժեղացված ծառայությունը՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ստուգում են, թե որքանով են պահպանվում հակահամաճարակային կանոնները հանրային տրանսպորտում: Նրանց ստուգայցին հետևել է «Լուրեր»-ի նկարահանող խումբը:
«Այսօրվանից ավելի խիստ միջոցառումներ ենք իրականացնում: Երբ վերլուծում ենք կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների արդյունքները, առաջնային խնդիրը ուղևորների՝ դիմակ չկրելն է: Այսօրվանից ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների և Առողջապահության տեսչական մարմնի հետ համատեղ իրականացվելիք միջոցառումներում վարչական արձանագրություններ ենք կազմելու նաև ուղևորների նկատմամբ:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ հորդորել հանրային տրանսպորտից օգտվողներին ուղևորասրահ նստեցում իրականացնել միայն դիմակների առկայության դեպքում: Հակառակ դեպքում նրանց նկատմամբ կիրականացվի համապատասխան վարչարարություն, այսինքն՝ նրանց նկատմամբ կկազմվի վարչական արձանագրություն»,- ասաց Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի պետ Արթուր Արաբաչյանը: