«Վրաստանի համար դժվար կլինի Ռուսաստանի հետ միատեղ մասնակցել «3+3» ձևաչափին, այնուամենայնիվ, երկիրը պետք է ինչ-որ ձևով ներկայացված լինի աշխարհաքաղաքական մեծ նախագծերում»: Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին այսպես է մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որում առաջարկվել է «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափ՝ մի կողմից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, և մյուս կողմից՝ Իրանի, Ռուսաստանի Թուրքիայի մասնակցությամբ՝ գրում է Новости-Грузия-ն:
«Մենք պետք է հետևենք տարածաշրջանում զարգացող գործընթացներին և անպայման մասնակցենք բոլոր նոր, նույնիսկ ենթակառուցվածքային նախագծերին, հակառակ դեպքում դրանք կշրջանցեն Վրաստանը և երկիրը դրանց պատճառով կարող է կորցնել իր դերն ու գործառույթը: Մենք պետք է ունենանք հստակ դիրքորոշում, որպեսզի մեր երկրի շահերը չտուժեն»,- ասել է Զալկալիանին:
Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիրա Աբդոլլահիանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Իրանը դրական է վերաբերվում այս նախաձեռնությանը, ինչպես և Թուրքիան ու Ադրբեջանը: Ռուսաստանն աշխատում է հայ գործընկերների հետ: Նրա խոսքով՝ ռուսական կողմն ակնկալում է, որ Վրաստանը, չնայած իր առջև ծառացած խնդիրներին, շահագրգռված կլինի նման մեխանիզմ ստեղծելու հարցում:
Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցրեց այն բանից հետո, երբ Մոսկվան 2008 թվականի օգոստոսի 26-ին ճանաչեց Վրաստանի երկու տարածաշրջանների՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ինքնիշխանությունը: