Հոկտեմբերի 6-ին, ժամը 22.25-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ վիրավոր քաղաքացու են տեղափոխել: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 42-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Նորատուս գյուղից:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդու և 39 տարեկան երկու համագյուղացիների միջև գյուղի Կայի Դիք կոչվող տարածքում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել, որի ընթացքում էլ նրանցից մեկը ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել՝ մարմնական վնասվածքներ պատճառելով համագյուղացիներին: 42-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 39-ամյա տղամարդը բուժօգնության չի դիմել:
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում համագյուղացիներին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին՝ ներկայացնելով իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը և կատարվածի վերաբերյալ տվել է խոստովանական բացատրություն: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: