Քննչական կոմիտեում հանդիսավոր նիստ է՝ նշում են կառույցի կազմավորման 7-ամյակը: Ներկա մարտահրավերների շրջանում կարևոր է պետական ինստիտուտների կայացումն ու զարգացումը՝ շնորհավորական խոսքում նշում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Պիտի արձանագրել, որ այս առումով ունենք շարունակական առաջընթաց, բայց պիտի նաև արձանագրենք, որ ձեռք բերվածը չպիտի բավարար համարենք: Այս առումով ուզում եմ երկու կարևոր բաղադրիչ ընդգծել: Շատ կարևոր է, որպեսզի Քննչական կոմիտեում և. ընդհանրապես. քննչական մարմիններում, իրավակարգի մարմիններում, պետական կառավարման համակարգում աշխատանքի որակի չափանիշների բարձրացմանը զուգընթաց՝ կարողանանք նաև սոցիալական երաշխիքների ավելի հուսալի և ավելի բարձր նշաձող սահմանել: Սա նույնպես կառավարության որդեգրած քաղաքականության առաջնահերթություններից է:
Քննչական կոմիտեն հիմա քննում է պատերազմի ընթացքում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը՝ վարչապետին արված աշխատանքը ներկայացնելուց նշում է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: Վստահեցնում՝ ՔԿ-ն ի զորու է իրականացնել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն: Փաշինյանը շեշտում է՝ հանրությունը պետք է ստանա պատերազմի հանգամանքների վերաբերյալ ամբողջական և անաչառ տեղեկություն:
Նիկոլ Փաշինյան - Իհարկե, չեմ կարծում, թե այդ պատասխանները պիտի ակնկալենք միայն Քննչական կոմիտեից, որովհետև, ի վերջո, խնդիրն ավելի լայն համատեքստ ունի և. կարծում եմ, Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այդ լայն համատեքստին ավելի ընդարձակ կանդրադառնա: Բայց նաև կարևորում եմ պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը, որպեսզի մեր հանրությունը և մեր նահատակների հարազատները կոնկրետ հարցերին ստանան կոնկրետ պատասխաններ: Ընդ որում, այստեղ որևէ կանխավարկած նկատի ունենալը կլինի ճակատագրական սխալ: Պարզապես պետք է ձևակերպված հարցերն ստանան օբյեկտիվ պատասխաններ, որպեսզի մեղավորության կամ անմեղության մասին պնդումները հիմնված չլինեն անհատական ընկալումների և իրավիճակի ոչ ամբողջական պատկերացման վրա:
Գաղտնիք չէ, որ Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում և անցել է ոչ պակաս բարդ ու լարված ժամանակահատված: Եվ այդ ամենը հնարավոր եղավ հանգուցալուծել ընտրություններով՝ միջազգայնորեն արձանագրված ժողովրդավարության չափանիշներին համապատասխան:
Նիկոլ Փաշինյան - Շատ դժվար և խառը ժամանակներում մեր իրավակարգն ապահովող ինստիտուտները եղել են իրենց դիրքերում և ապահովել են պետական ինստիտուտների, պետական գործառույթների և լծակների բնականոն գործունեությունը: Չնայած ակնհայտ է, որ նաև իրավակարգն ապահովող մամինները չէին կարող չազդվել. էմոցիոնալ մակարդակից սկսած և միջավայրային ազդեցությունները նույնպես հաշվի առնելով՝ ուղղակի չէին կարող այդ ամենից չազդվել: Մեր պետական ինստիտուտներում կան բավարար չափով այնպիսի անձինք, որոնք ամենապատասխանատու, ամենադժվար պահերին կարող են պետությունը, ազգային շահը դնել ամեն ինչից վեր: Եվ ես ուզում եմ բոլորիդ այս կեցվածքի և այս դիրքորոշման համար շնորհակալություն հայտնել:
Ամենաակնհայտ հետևություններից մեկն, ըստ վարչապետի, այնուամենայնիվ լինելու է պետական ինստիտուտների կայացման ոլորտում առկա որոշակի խնդիրները, որոնք պետք է առաջնային կարգով լուծել: Միայն այդպես է հնարավոր ինստիտուտները դարձնել առաջնային ու առանցքային, հասնել մի կետի, որ անձնական ընկալումներն ու ցանկությունները հնարավորինս քիչ ազդեցություն ունենան այդ ինստիտուտների աշխատանքի, բովանդակության և արդյունքների վրա՝ շեշտում է Փաշինյանը:
Իսկ հանդիպման ավարտին վարչապետը Քննչական կոմիտեի աշխատակիցներին պետական պարգևներ է հանձնում՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: