Տղաները մրցույթին մասնակցում են քովիդի վարակման ռիսկը հաշվարկող ծրագրով: Հավելվածը ստեղծել են 36 ժամում: Ծրագիրը կարող է հուշել, թե որ տարածքում ինչպիսի դիմակ պետք է կրել: Հավելվածում կարմիրով նշված են համավարակի պիկ հատվածները, կանաչով՝ անվտանգ վայրերը:
Մկրտիչ Հարությունյան (հավելվածի նախագծող) - Վերցնում ենք տվյալներ այդ տարածաշրջանի մասին, այսինքն՝ վարակվածության քանակ, թե ինչ քանակի մարդիկ կան, նաև հաշվի ենք առնում սոցիալական ակտիվությունը, այսինքն՝ թե որտեղ շատ կան մարդկային կուտակումներ:
ՆԱՍԱ-ի հայտարարած միջազգային տիեզերական հավելվածների մրցույթն անցկացվում է 10-րդ անգամ: Համավարակի պատճառով, հեռավար իրականացվող համաշխարային միջոցառմանը մասնակցում է 100-ից ավելի երկիր: Հայաստանը ևս միացել է լավագույն գաղափարների իրագործման մեծ արշավին: Մրցույթին ներկայացրած թեմաները կազմակերպիչները համարում են ակտուալ տեխնոաշխարհի համար: Առաջարկվող գաղափարները իրատեսական և շահավետ են ոչ միայն Հայաստանի, նաև միջազգային շուկայի համար:
Արման Աթոյան («X-TECH» ընկերության հիմնադիր տնօրեն) - Էս մրցույթի առանձնահատկությունն այն է, որ աշխարհի 120-ից ավելի երկրներ մասնակցում են, այսինքն՝ բոլոր երկրներում տեղի են ունենում այսպիսի լոկալ մրցույթներ, հետո ամեն երկրի հաղթող պրոյեկտները գնում են մրցելու, արդեն գլոբալ ժյուրիի դատին են ներկայանում:
Առցանց ձևաչափով հավելվածների մրցույթը հնարավորություն է տալիս աշխարհի մասնակիցներին 48 ժամում ստեղծել նորարար առաջարկներ, ՆԱՍԱ-ի և տիեզերական այլ գործակալությունների փորձագետների հետ անցկացնել քննարկումներ, ներկայացնել նախագծերը: Այս տարի առանձնացվել է 29 մարտահրավեր 11 դասակարգում. արհեստական բանականություն, տվյալների կառավարում, խաղեր, համակարգչային ծրագրեր, գիտական հավելվածներ, լուսին, ռիսկ, տիեզերական ճանապարհորդություն, երիտասարդական նախագծեր:
Գայանե Հակոբյան («ISTC» հիմնադրամի ծրագրերի ղեկավար) - Քանի որ այս տարի ՆԱՍԱ չելնջի տասը տարին է, մոտավորապես 15 գործակալություն միացել էին, այսինքն՝ եթե տարիներ շարունակ միայն ՆԱՍԱ-ի բաց դատան էր տրամադրվում, այս տարի արդեն Բրազիլիայից, Արգենտինիայից, Ամերիկայից տարբեր էյջնսիներից միացան և տվեցին իրենց դատաները:
Համաշխարհային մրցույթում Հայաստանն ունեցել է 30 մասնակից, կազմվել է 7 թիմ: ԲՏԱ նախարարությունն ու միջոցառումն իրականացնող ընկերությունները կարևորում են այն նախագծերը, որոնք կօգնեն աշխարհը դարձնել ավելի լավը։
Հայկ Ասլանյան (ՀՀ ԲՏԱ նախարարի խորհրդական) - Տիեզերական գործունեությունը փորձում ենք ավելի ակտիվացնել, և նախարարությունը՝ որպես տիեզերքի ոլորտում պատասխանատուներից մեկը, պետական կառույց, նման միջոցառումներին միշտ փորձելու ենք աջակցել, ավելի հաճախակի ունենալ նման միջոցառումներ Հայաստանյան փուլի հաղթող նախագծերը կներկայացվեն գլխավոր ժյուրիի դատին, դրանք պետք է մրցեն մյուս երկրների հաղթող առաջարկների հետ: Համաշխարհային մրցույթը կտևի մի քանի ամիս, հաղթող նախագծերը պարզ կլինեն այս տարեվերջին: Տեղի ժյուրին համոզված է, որ Հայաստանն իր նորարար գաղափարներով կամրապնդի դիրքերը տիեզերական նորարարությունների քարտեզի վրա: