ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու 6 երկրի շուրջ 50 պատվիրակ:
2021 թվականի հոկտեմբերի 11-13-ը Հայաստանի Հանրապետության 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք Կապանում կանցկացվեն ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլը:
Նիստին մասնակցելու են ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի անդամներ Հայաստանից, Բելառուսից, Ռուսաստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից և Տաջիկստանից:
«100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլին մասնակցում են վերոնշյալ երկրներում «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական նախագծի ազգային փուլերի հաղթողները: Իրենց երկրներում հաղթող ճանաչված գաղափարների հեղինակները Հայաստանում անցկացվող միջպետական փուլում ներկայացնելու են նոր գաղափարներ ավելի քան 10 անվանակարգերում: Մրցույթի փորձագիտական խորհուրդը, որի կազմում ընդգրկված են 3 ներկայացուցիչներ Հայաստանից, մեկական ներկայացուցիչներ Ռուսաստանից և Բելառուսից, կընտրի յուրաքանչյուր անվանակարգի լավագույն գաղափարը՝ որպես հաղթող:
ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստը և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվելու են հիբրիդային ձևաչափով. այն մասնակիցները, ովքեր հնարավորություն չունեն ներկա գտնվել Կապանում, կմասնակցեն հեռավար՝ Panda.Mr վիրտուալ գործընկերոջ աջակցությամբ՝ հետևյալ հղմամբ:
Կապանում անցկացվելիք միջոցառման շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների պատվիրակների համար նախատեսված են նաև էքսկուրսիաներ և մշակութային ծրագիր:
ԱՊՀ երիտասարդական համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը կայացվել է 2021 թվականի ապրիլի 30-ի հերթական նիստում:
Հայաստանում անցկացվելիք երիտասարդական համաժողովը համընկնում է Անկախ պետությունների համագործակցության ձևավորման 30-ամյա և ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի 15-ամյա հոբելյանների հետ:
«100 գաղափար ԱՊՀ-ի համար» երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, իսկ ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստը Հայաստանի Հանրապետությունում վերջին անգամ հյուրընկալվել է 2014 թվականին: