«Հայաստան» դաշինքի դիմումը, որով վիճարկվում է համայքների սպասվող խոշորացումը, երեկ արդեն մուտքագրել է Սահմանադրական դատարան: Դաշինքի քարտուղարն այսօր տեղեկացրեց՝ բարձր ատյան են դիմել պատգամավորների 1/5-ի անհրաժեշտ ստորագրությամբ՝ «Պատիվ ունեմ»-ի հետ: Իրենց բնութագրմամբ՝ հակասահմանադրական օրենքը չստորագրելու պահանջով ընդդիմադիր ուժը դիմել էր նաև հանրապետության նախագահին:
Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Ցավով ենք արձանագրում, որ հանրապետության նախագահը հերթական անգամ չգտնվեց Սահմանադրությամբ իր լիազորությունների շրջանակում ու ստորագրեց մեր գնահատմամբ հակասահմանադրական օրենքը, և երեկ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ՏԻՄ ընտրությունների կազմակերպման և այլն, ակնհայտորեն այս խոշորացումը, որն ունի քաղաքական նպատակ, սեփական իշխանությունը էլ ավելի ամրապնդելու և բոլոր տարածքներում ՔՊ-ական իշխանություն հաստատելու մտադրությամբ, խոսում է այն մասին, որ էս մարդը հետ չի կանգնում իր ապօրինի վարքագծից:
Ապօրինի է նաև Գորիսի գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումը՝ սա էլ հայտարարեց խմբակցության սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանն ու պնդեց՝ իշխանությունը ջանք չի խնայել, որ Առուշանյանը
ֆիզիկապես չմասնակցի հոկտեմբերի 17-ին Գորիսում սպասվող ՏԻՄ ընտրությանը:
Համանուն՝ «Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող քաղաքապետն այժմ կալանավորված է և մեղադրվում է քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ հունիսի 20-ի արտահերթ ընտրությանը «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու նպատակով կաշառք տալու համար:
Աննա Գրիգորյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Շուռնուխցին որ իր տունը կորցրել է, ասում է՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, ցուցաբերում են, ասում են՝ դա կաշառք է, գնացեք որոտանցիներին հարցրեք: Մարդկանց ֆինանսական աջակցության համար հազար անգամ տարել-բերել են ու ասում են՝ որոտանցիներին պիտի այդ գումարը չտրվեր, որովհետև նրանք դրա կարիքը չունեն: Հասկանո՞ւմ եք. սահմանամերձ դարձած Որոտանում մարդիկ դրա կարիքը չունեն, շատ հարուստ են ապրում: Նաև մի վտանգավոր թեզ էլ է շրջանառվում, որ եթե պարոն Առուշանյանին ընտրենք միևնույն է, նա դուրս չի գալու, մնալու է կալանքի տակ:
Առուշ Առուշանյանի թեմայով սկսվեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ճեպազրուցը: Պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ, իր խոսքով, վերջին շաբաթներին Գորիսում տարածվող խոսակցություններին:
Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Շշուկներ են տարածվում, թե, իբր, եթե ինչ-որ հրաշքով Առուշանյանը ընտրությունները հաղթի, ապա նրան ազատ են արձակելու, ու դրա դիմաց նա էլ հրաժարական է տալիս: Ուզում եմ հերքել. նման պայմանավորվածություն չկա ու լինել չի կարող. նա ով կատարել է ցանկացած հանցագործություն, կրելու է դրա համար սահմանված պատիժը:
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՏԱՐՐ ՉՈՒՆԻ
Ինչ վերաբերում է համայնքների խոշորացմանն ու այն սահմանող օրենքը ՍԴ-ում վիճարկելու «Հայաստան» դաշինքի դիմումին, ապա պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի գնահատմամբ՝ իրավական ակտը որևէ հակասահմանադրական տարր չի պարունակում:
Հերիքնազ Տիգրանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Խոշորացումը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է տվյալ համայնքներում ընտրական պրոցեսի հետ, ես կարծում եմ, բնական հունով կընթանան գործընթացները, մինչև ՍԴ-ն կկայացնի որոշում... Խոշորացումը ՀՀ-ում նոր չէ, որ սկսվել է, և դրա սահմանադրականությունը երբևէ չի վիճարկվել, այդ գործընացը շարունակվում է, և պրոցեսները հասցվում են իրենց տրամաբանական ավատին:
Այս շաբաթ էլ, արդեն 6-րդ անգամ, Արթուր Ղազինյանը չընտրվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանն այսօր շեշտեց՝ իշխանությունը չունի նախընտրելի թեկնածու, ունի ոչ ցանկալի թեկնածու, և նա Արթուր Ղազինյանն է: Փոխնախագահի չընտրությանն անդրադարձավ նաև «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը:
Տիգրան Աբրահամյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր) - Մենք այդ թեկանծուին ներկայացրել ենք, և իշխանության քմահաճույքով չի որոշվելու, թե ով է լինելու մեր թեկնածուն: Այս պահին հայտարարվել է, որ նրանք գտնում են այլ լուծումներ, ինչն անթույլատրելի է: Իշխանությունը փորձում է իր նախասիրությունները, իր քմահաճույքները մեկտեղել, ստեղծել օրենսդրական կարգավորում:
Աբրահամյանի խոսքով՝ այս շաբաթ էլ ընդդիմությունը պահանջել է, որ խորհրդարան հրավիրվեն, ու քննարկում կազմակերպվի ուժային կառույցների ներկայացուցիչների հետ: Անվտանգային խնդիրների մասին առաջին դեմքերից տեղեկատություն ստանալ չի հաջողվում՝ նշեց պատգամավորը, բնորոշելով, որ պաշտոնյաները խուսափում են ԱԺ գալուց: