ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետտենկուրի հետ։
Զրուցակիցիներն անդրադարձել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև պատմական կապերի և քրիստոնեական ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերություններին։
Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ում ռեզիդենտ Առաքելական նվիրակության հիմնման կարևորությունը՝ նշելով, որ այն կնպաստի հայ-վատիկանյան միջպետական հարաբերությունների և բազմադարյա փոխգործակցության առավել խորացմանը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուրջ։
Այդ համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հրատապությունը։
ՀՀ ԱԳ նախարարը նաև հավելել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի ուղերձները, ինչպես նաև ռազմագերիների անհապաղ ազատ արձակման կոչերը շատ բարձր են գնահատվում Հայաստանի կողմից: