Կառավարությունը կապիտալի շուկայի զարգացման գործողությունների ծրագրում նախատեսում է ուսումնասիրել սփյուռքի պարտատոմսերի թողարկման դեպքում դրանց նկատմամբ պահանջարկը: Սփյուռքի պարտատոմսերը բարենպաստ պայմաններով թողարկվող պետական արժեթղթեր են, որոնք թիրախավորում են հայրենիքում չբնակվող, սակայն երկրի հետ ազգությամբ կամ մշակութային արժեքներով կապված անձանց։ Եթե ուսումնասիրության արդյունքում որոշվի թողարկել այդ պարտատոմսերը, ապա սփյուռքի մեր հայրենակիցները հնարավորություն կունենան ներդրում կատարել Հայաստանում: Ձեռք բերելով պարտատոմսերը՝ նրանք կօգնեն Հայաստանին՝ միևնույն ժամանակ իրենք էլ շահույթ կստանան:
Նախագծի մշակմանը պետական գերատեսչությունների հետ համատեղ մասնակցել է նաև Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիան:
Կարեն Զաքարյան (Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն) - Մենք շատ հաճախ ենք լսում, որ սփյուռքից դժգոհություններ կային, որ ներդրումային մեխանիզմներ չկան, ճիշտ գործիքներ չկան: Սա կարող է լինել այդպիսի գործիքներից մեկը: Որպես առաջամարտիկ պետությունը կարող է իր քայլը կատարել, էդ ֆինանսական գործիքները մոտեցնելով մեր սփյուռքին:
Զաքարյանը կարծում է՝ խորքային քննարկում պետք է տեղի ունենա սփյուռքի կառույցների հետ՝ հասկանալու, թե որքանով է պահանջված այս գործիքը: Սփյուռք ունեցող մի շարք երկրներ հաճախ են կիրառում պարտատոմսերի թողարկման այս պրակտիկան։
Կարեն Զաքարյան - Սա պետք է ներկայացվի սփյուռքին: Պահանջարկի մասով մենք, իհարկե, նախնական գնահատականներ կարող ենք ունենալ, բայց ամեն ինչ կախված է լինելու ճիշտ երկխոսությունից, սա երկխոսության հարթակ է:
Տնտեսագետները դրական են գնահատում սփյուռքի պարտատոմսերի հարցով ուսումնասիրությունների մեկնարկը:
Եղիշե Սողոմոնյան (տնտեսագետ) - Դա ուղղված է լինելու ոչ միայն կապիտալի շուկայի զարգացմանը, այլ նաև նրան, որ մենք շատ ենք կարևորում. պետք է կարևորենք սփյուռքի մասնակցությունը երկրի անցուդարձին, նաև տնտեսական զարգացմանը, և դրանով կմեծացնենք կապը սփյուռքի հետ, նաև կօգտագործենք սփյուռքի ներուժը:
Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է այլ երկրների փորձը. Իսրայելինը հաջողված է, Հունաստանինը և Հնդկաստանինը՝ ոչ այդքան: Յուրաքանչյուր փորձից հետևություն է արվելու՝ վստահեցնում է Ասոցիացիայի գործադիր տնօրենը:
Կարեն Զաքարյան - Եթե այս ամենը իրագործվի՝ օրինակ, Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցները կարողանալու են, առանց իրանց միջավայրից կտրվելու, Ամերիկայի օրենսդրության համաձայն, շրջանառությամբ թույլատրված, ամերիկյան ներդրումային ընկերության կողմից նաև վաճառքի ներկայացված պարտատոմսեր ձեռք բերել, որոնք թողարկված են լինելու Հայաստանի Հանրապետության կողմից:
Ըստ Սողոմոնյանի՝ եթե ուսումնասիրության արդյունքում որոշվի սփյուռքի պարտատոմսեր թողարկել, դրանից կշահի թե՛ պետությունը, թե՛ սփյուռքը:
Եղիշե Սողոմոնյան - Եթե մենք լավ փաթեթավորենք, լավ հիմնավորենք էդ գումարները՝ ինչ ուղղությամբ են գնում, իրական որ հատվածներում, և ինչ արդյունքներ կտան Հայաստանին, եթե կարողանանք դա, ըստ էության, բիզնես պրոյեկտի ձևով ներկայացնել, ապա հենց դա էլ պահանջարկ կստեղծի:
Չնայած Հայաստանի կողմից սփյուռքի պարտատոմսերի թողարկման նպատակահարմարության հարցը պարբերաբար բարձրացվել է, սակայն լուրջ քայլեր մինչ այժմ չէին ձեռնարկվել: Այս որոշմամբ կարելի է համարել՝ գործընթացի մեկնարկը տրված է:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան