ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական РБК-ի հետ հարցազրույցում ամփոփել է Մոսկվա կատարած պաշտոնական այցը՝ այն գնահատելով հաջողված:
Ալեն Սիմոնյան, ՀՀ ԱԺ նախագահ - Ե՛վ արտաքին գործերի նախարարի, և՛ տիկին Մատվիենկոյի, և՛ պարոն Վոլոդինի հետ բավական երկար և անկեղծ հանդիպումներ ենք ունեցել: Առաջարկել եմ, որ խնդիրների հստակ լուծումներ գտնենք և քայլեր ձեռնարկենք այն բոլոր հարցերի վերաբերյալ, որոնց հետ կապված չունենք վերջնական պայմանավորվածություններ: Օրինակ՝ հստակ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ միջազգային տարբեր հարթակներում մեր ռուս գործընկերների հետ առավել ներդաշնակ աշխատելու համար նախապես ունենանք քննարկումներ:
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև Արցախյան երկրորդ պատերազմին ու հետպատերազմական իրավիճակին՝ նշելով, որ դեռևս չի լուծվել հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը, իսկ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են իրենց ագրեսիվ գործողությունները:
Ալեն Սիմոնյան - Դա միայն Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի միջև պատերազմ չէր: Մենք հոյակապ հասկանում ենք, որ տարածաշրջանում ընթանում են բավական լուրջ փոփոխություններ և պետք է ցավով արձանագրել, որ Թուրքիան, որպես խաղացող, հետխորհրդային տարածքում բավական ակտիվ է գործում, և դա խնդիր է, որը պետք է խորությամբ քննարկել և հասկանալ դրա հնարավոր հետևանքները:
Լրագրողի հարցին, թե արդյոք Բաքուն և Անկարան իրենց գործողություններով սադրում են Հայաստանին, ԱԺ նախագահն ընդգծել է, որ նրանք սադրում են ոչ միայն Հայաստանին, այլ նաև Իրանին ու Ռուսաստանին: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է նաև Արցախի կարգավիճակի հարցը:
Ալեն Սիմոնյան - Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է հստակեցվի: Այդ մասին հայտարարում են թե՛ միջազգային գործընկերները, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Բավական բարդ է պատկերացնել երկու ժողովուրդների համագոյակցումը, երբ օրինակ՝ Բաքվում բացվում է, այսպես կոչված, «ռազմավարի պուրակ»»:
Սիմոնյանը հորդորել է վերջ տալ ատելությանը: Նրա կարծիքով՝ հաջորդ սերունդներին պետք է ժառանգել խաղաղ հարևանություն: