Լեհաստանի Սահմանադրական դատարանը, որի խնդիրն է ստուգել երկրի սահմանադրության համապատասխանությունն այլ կանոնակարգերին, հինգշաբթի որոշել է, որ ԵՄ մի շարք օրենքներ ու դատական որոշումներ հակասում են Լեհաստանի մայր օրենքին՝ հաղորդում է Associated Press-ը: Որոշումը պաշտպանել է դատարանի 14 դատավորից 12-ը:
Դատավորները հայտարարել են նաև, որ ԵՄ-ին Լեհաստանի անդամակցությունը չի նշանակում կառույցի մարմինների գերակայություն դատական ոլորտում և Լեհաստանի ինքնիշխանության փոխանցում միությանը: Դատավորները որոշել են, որ Լեհաստանում ոչ մի պետական ատյան չի համաձայնի արտաքին ուժի միջոցով իր լիազորությունների սահմանափակմանը:
Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ Լեհաստանի Սահմանադրությունը երկրի գերագույն օրենքն է, և դրան ենթակա է ցանկացած միջազգային պայմանագիր:
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) անհամաձայնություն և «լուրջ մտահոգություն» է հայտնել Լեհաստանի սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ, խոստացել է գնահատել այն և համապատասխան միջոցներ ձեռնարկել:
«Հանձնաժողովը պաշտպանում և վերահաստատում է Միության իրավական համակարգի հիմնական սկզբունքները, այն է՝ ԵՄ իրավունքի գերակայությունը ազգային իրավունքի նկատմամբ, ներառյալ սահմանադրական նորմերը»,- ասվում է ԵՀ հայտարարության մեջ:
Նշված է նաև, որ Եվրոպական դատարանի բոլոր որոշումները պարտադիր են ԵՄ անդամ բոլոր երկրների իշխանությունների համար, ներառյալ ազգային դատարանները:
Associated Press-ը հիշեցրել է, որ Եվրոպական միությունը Լեհաստանի Սահմանադրական դատարանին օրինական չի համարում այդ երկրի դատավորների նշանակման վրա Լեհաստանի իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության ազդեցության պատճառով: