Ձեր իրավունքները խախտվե՞լ են, դիմե՛ք առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին: Հոկտեմբերի 1-ից գործարկվել է աշխատանքային իրավունքների պաշտպանության EmployeeProtect.am հարթակը։
Իգիթ Հակոբյան (ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ) - Հիմնական նպատակն է ուժեղացնել Հայաստանում աշխատողների իրավունքների պաշտպանվածության համակարգը, ինչպես նաև բողոքաբերների համար ստեղծել մատչելի, հարմար պայմաններ:
Կայքում հետևելով ընդամենը չորս հրահանգի՝ ձեր դիմումը կընդունվի, և աշխատող-գործատու հարաբերությունները կքննվեն օրենսդրության շրջանակում՝ հարթակից օգտվելու պարզ կանոններն է ներկայացնում վարչության պետը:
Իգիթ Հակոբյան - Ընդհանուր տեղեկատվությունն է առաջին քայլով ներկայացվում, թե որ կազմակերպությունն է ներկայացնում: Հաջորդ քայլով ներկայացվում է հայտի մասին տեղեկատվությունը: Այնուհետև լուսանկարներ, ձայնագրություններ կամ այլ ապացույցներ են կցվում, և վերջին քայլով իր անձնական տեղեկատվությունն է կցվում:
Այս տարի տեսչությունում արդեն հարուցվել է 286 վարույթ, որոնցից 200-ը՝ աշխատողների դիմումների հիման վրա, 197-ը՝ աշխատանքային օրենսդրության խախտումներով, 113 դիմումատու վիճարկել է վերջնահաշվարկ չկատարելու գործընթացը, 43-ը վերաբերել է աշխատանքային պայմանագրերի խախտումներին, 41-ը այլ խախտումներ են եղել: Հարուցված գործերը քննության ընթացքում հիմնականում կարճվում են, որոշումներ կայացնելու փուլ չեն հասնում:
Իգիթ Հակոբյան - Երբ որ տեսչական մարմնում հարուցվում է վարչական վարույթ, մի շարք գործատուներ, չեմ կարող ասել՝ բոլորը, միջանկյալ վարչական վարույթին զուգընթաց վերականգնում են խախտված իրավունքները:
Այս դեպքում դիմումատուները հրաժարվում են պահանջներից: Որ աշխատողներն ավելի համարձակ դիմեն իրենց իրավունքների պաշտպանության համար՝ կայքում շուտով կգործի նաև անանուն բողոքաբերների հնարավորությունը:
Հարթակի միջոցով տեսչական մարմինը աշխատողների կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա նաև բարեփոխումներ կիրականացնի, կիրազեկի աշխատողներին իրավունքների պաշտպանության ոլորտի վերջին նորությունների մասին: