Բասկերի երկրի խորհրդարանն այսօր միաձայն ընդունել է բանաձև, որով Ադրբեջանին երեք հիմնական պահանջ է ներկայացնում՝ անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հարգել հրադադարի ռեժիմը, դադարեցնել ռազմական ներխուժումները ՀՀ տարածք:
*****
Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը 13 տարվա ազատազրկման է դատապարտել «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության անդամ Նիյամեդին Ահմեդովին։ Նա ձերբակալվել էր այս տարվա ապրիլին և 30 օրվա կալանքի դատապարտվել՝ կարանտինային ռեժիմի խախտման և ոստիկանների նկատմամբ դիմադրություն ցույց տալու համար։ Այդ ընթացքում ընդդիմադիր ակտիվիստի դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով։
*****
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ասել է, որ դժվար կլինի Ռուսաստանի հետ մասնակցել «3+3» ձևաչափին, սակայն Վրաստանը պետք է ներկայացված լինի ցանկացած խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում: Վրաստանի արտգործնախարարն այսպես է մեկնաբանել ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի՝ տարածաշրջանում «3+3» նոր ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը, որին նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի մասնակցությունը: Զալկալիանին խոսել է նաև Վրաստանի վարչապետի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ակտիվ հաղորդակցության մասին: «Այսօր, 30 տարվա ընթացքում առաջին անգամ, Վրաստանն արդեն կարևոր դեր և գործառույթներ է իրականացնում։ Ինչպես ձեզ հայտնի է, վարչապետի ուղիղ նախաձեռնությամբ և միջնորդությամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ակտիվ հաղորդակցություն է անցկացվում և մենք հետևողական կլինենք այդ հարցում»,- ասել է Դավիթ Զալկալիանին՝ Վրաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
*****
Խաղաղության Նոբելյան մրցանակը 2021 թվականի համար շնորհվել է «Новая газета» թերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովին և ֆիլիպինյան ծագմամբ ամերիկացի լրագրող Մարիա Ռեսային: Նրանք ընտրվել են կարծիքի արտահայտման ազատության պաշտպանությանն ուղղված իրենց ջանքերի համար, որը ժողովրդավարության և ամուր խաղաղության նախադրյալն է: Ֆիլիպինցի լրագրող և խմբագիր Մարիա Ռեսսան տարիներ շարունակ լուսաբանում է Ֆիլիպինների սկանդալային բռնապետ Դուտերտեի արյունոտ ռեժիմի քաղաքականությունը։ Մարիա Ռեսսան այս տարի արժանացել է նաև Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակին: 2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուներից էին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը։
*****
Լատվիայում արտակարգ դրություն է մտցվել կորոնավիրուսի տարածման տեմպերի հետ կապված: Բոլոր բուժաշխատողները վերադարձել են արձակուրդից: Պետական ծառայողներին պարտադրվել է պատվաստվել:
*****
Բաթումում շենքի փլուզման հետևանքով փլատակների տակ է մոտ 10-15 մարդ, որոնցից երկուսը կարողացել են կապ հաստատել փրկարարների հետ: «Մոտ հինգ հարկ է փլուզվել, մեր տեղեկությամբ՝ մոտ 10-15 հոգի փլատակների տակ են»,- ասել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին: Նախարարն ասել է, որ որոնողական աշխատանքներին ներգրավվել են հարյուրավոր փրկարարներ, բացի այդ, մոբիլիզացված են հատուկ սարքավորումներ, ներքին գործերի նախարարության աշխատակիցներ և տեղի քաղաքապետարանի և քաղաքային ծառայության ներկայացուցիչներ:
*****
Առնվազն 100 մարդ է մահացել կամ վիրավորվել Աֆղանստանի հյուսիսում՝ Կունդուզում շիական մզկիթի պայթյունի հետևանքով: Պայթյունը տեղի է ունեցել աղոթքի պահին: Մեծ թվով վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց:
Ահաբեկչական այս գործողությունն ամենամեծն է Աֆղանստանում՝ «Թալիբանի» իշխանության հաստատումից ի վեր: