Լիտվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է քաղաքական ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն:
Ինգրիդա Շիմոնիտե, Լիտվայի վարչապետ - Տարիներ շարունակ մեր մոտեցումը եղել է այն, որ եթե մարդիկ ինչ-որ տեղ օգնության կարիք ունեն, և մենք որևէ ողջամիտ ձևով կարող ենք օգնել, ապա դա էլ անում ենք: Մենք քրիստոնեական արժեքների վրա հիմնված երկիր ենք, և այս մոտեցումը կիրառում ենք բազմաթիվ դեպքերում՝ թե՛ բնական աղետների, թե՛ հակամարտությունների ժամանակ, ինչպիսին Լեռնային Ղարաբաղինն էր: Ես իմ խոր ցավակցություն եմ հայտնում նրանց, ում մերձավորները զոհվեցին այս հակամարտության ընթացքում: Ցավալի է, որ նման իրավիճակում ենք, սակայն չկա այլ ճանապարհ, քան խնդիրը կարգավորելը ու, իհարկե, ամենանախընտրելի տարբերակը քաղաքական ճանապարհն է՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Եվ ես ուրախ եմ տեղեկանալ, որ այս ուղղությամբ գոնե որոշակի քայլեր են արվում:
Հարցազրույցում Շիմոնիտեն մանրամասներ է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լիտվա կատարած այցի արդյունքներից, անդրադարձել նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի և վիզային ռեժիմի ազատականացման գործընթացներին:
Ինգրիդա Շիմոնիտե - Դուք գիտեք, որ շատ դեպքերում մենք Արևելյան գործընկերների նկատմամբ ներառական որոշումների կողմնակիցներ ենք: Կարծում ենք, որ շատ լուծումներ կան, որոնք կարող են ավելի մոտեցնել Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրները: Դրանից երկու կողմերում էլ կարող են շահել մարդիկ: Ընդհանուր պայմանները մարդկանց ու գործարարների համար կբարելավվեն, նրանք կկարողանան իրար ավելի լավ ճանաչել, ճամփորդել, բիզնեսով զբաղվել:
Խոսելով Հայաստանի խորհրդարանի՝ հունիսի 20-ի արտահերթ ընտրության մասին՝ Լիտվայի վարչապետն ընդգծել է՝ շատ մեծ է այն վստահությունը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստացել է ընտրության արդյունքում:
Ինգրիդա Շիմոնիտե - Մարդիկ իրականում ասացին, որ վստահում են ժողովրդավարական գործընթացներին, ասացին, որ չեն ուզում, որ ինչ-որ ինքնակալ գա և իրենց փոխարեն լուծի բոլոր խնդիրները: Սովորաբար այդպես չի լինում: Նման դեպքում, պարզապես ստանում եք ավելի քիչ ժողովրդավարություն, ավելի քիչ խոսքի ազատություն: Լավ է, որ Հայաստանում ընտրությունները ճանաչվեցին արդար և թափանցիկ: Դա շատ կարևոր է, դա նշանակում է ավելի լավ կյանքի մանդատ:
Ինգրիդա Շիմոնիտեն պատրաստակամություն է հայտնել շարունակել Հայաստանի հետ գործակցությունը նաև կորոնավիրուսի դեմ պայքարում: Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Լիտվա կատարած այցին, Շիմոնիտեն հույս է հայտնել՝ շուտով կկարողանա ընդունել Հայաստան ժամանելու գործընկերոջ առաջարկը՝ դառնալով Հայաստան այցելած Լիտվայի առաջին վարչապետը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան