ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը պարզաբանել է, թե ինչու Արթուր Ղազինյանին չեն ընտրում Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
«Պատճառները շատ են, օրինակ՝ մեկն այն, որ Արթուր Ղազինյանը չի ծառայել ՀՀ զինված ուժերում: Դա, իհարկե, մի կողմ, բայց դրա հետ մեկտեղ Արթուր Ղազինյանը չի տիրապետում ԶՈՒ-ին վերաբերող տարրական հարցերի:
Հաջորդը Արթուր Ղազինյանի ֆինանսական մեծ միջոցներն են, որոնք նա ոչ մի կերպ չի պարզաբանում, թե որտեղից է ստացել: Ասում է՝ բիզնես է արել: Բայց երբ նրան հարցնում են, թե ինչ բիզնես է արել, դրա մասին ոչ մի տեղեկատվություն չկա: Դրանից զատ՝ Արթուր Ղազինյանն անում է մի շարք հայտարարություններ, որոնք անձամբ ինձ համար անընդունելի են: Օրինակ՝ ինչպե՞ս եք պատկերացնում, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահը դրական վերաբերմունք ունենա ԶՈՒ-ի՝ ՀՀ ներքաղաքական կյանքում ներգրավվածությանը: Դա անձամբ ինձ համար անընդունելի է: Ու կան նաև բազմաթիվ այլ պատճառներ»,- ասաց Ալեքսանյանը: