ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը շնորհավորել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին ու ՔԿ ամբողջ անձնակազմին՝ մասնագիտական տոնի առթիվ:
«Հարգելի պարոն Քյարամյան,
Շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ քննչական կոմիտեի ողջ անձնակազմին ծառայողի օրվա կապակցությամբ:
Այսօր մենք ապրում ենք հարափոփոխ աշխարհում և արմատական հեղափոխական բարեփոխումներ իրականացնող Հայաստանում: Այս իրողությունը նոր, բարդ, բայց և պատվով հաղթահարելի մարտահրավեր է մեր երկրի բոլոր պետական կառույցների, հատկապես՝ իրավապահ համակարգի մարմինների համար:
Հասարակական հարաբերությունների զարգացման և տեխնոլոգիական առաջընթացի արդի ժամանակաշրջանում աշխարհում աներկբա փոփոխվում են հանցավորության պատկերն ու շարժընթացը, ի հայտ են գալիս հանցավոր գործունեության նոր տեսակներ ու կատարման եղանակներ՝ նպաստելով հանցագործությունների քննությանն ու բացահայտմանը հակազդող դրսևորումների ձևավորմանը:
Նոր իրականությունը ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններն առերեսվելու և անտարակույս դիմակայելու են ժամանակակից մարտահրավերներին:
Համոզված եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն ժամանակի այս քննությունը կհանձնի պատվով:
Վստահեցնում եմ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մշտապես պատրաստակամ է համատեղ ուժերով լուծելու իրավակարգի առջև ծառացած խնդիրները՝ ի շահ մեր պետականության և ժողովրդի:
Կրկին շնորհավորում եմ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներին տոնական օրվա առթիվ և մաղթում արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ մեր երկրում օրինականության հետագա ամրապնդման ու հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման»:
Բարի ընթացք ձեր ազգանպաստ առաքելությանը»,- նշված է ուղերձում: