ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրային:
Նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը և կարևորել տարբեր ոլորտներում ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու և Սիսիան-Ագարակ ճանապարհահատվածի, Երևանի մետրոպոլիտենի և տրանսպորտային համակարգի, ջրային ռեսուրսների և ոռոգման ենթակառուցվածքների կառավարման ծրագրերը:
Մացիեյ Ցզուրան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ՀՀ նոր կառավարությանը մաղթել հաջողություն հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու գործում:
ԵՆԲ ներկայացուցիչը նշել է, որ տեղյակ է բիզնես միջավայրի բարելավմանը միտված ՀՀ կառավարության քայլերի մասին և ընդգծել, որ բանկը պատրաստ է այդ ուղղությամբ ևս օժանդակություն ցուցաբերել հայաստանյան գործընկերներին:
Միաժամանակ պարոն Ցզուրան գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ համագործակցության մակարդակի առնչությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ բոլոր ծրագրերը կշարունակեն նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: