Օսլոյում 2021 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակ է շնորհվել «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովին և ֆիլիպինցի լրագրողուհի Մարիա Ռեսային՝ խոսքի ազատության և ինքնադրսևորման պաշտպանությանն ուղղված նրանց ջանքերի համար, ինչը ժողովրդավարության ու կայուն խաղաղության հիմնարար պայման է՝ գրում է BBC-ն:
Մուրատովի թերթի հրապարակումները և պնդումները որակվել են որպես «փաստերի վրա հիմնված լրագրություն»: «Չնայած աշխատակիցների սպանություններին և սպառնալիքներին, «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը չհրաժարվեց թերթի անկախ քաղաքականությունից: Նա հետևողականորեն պաշտպանեց լրագրողների իրավունքները»,- ասել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի ղեկավար Բերիտ Ռեյս Անդերսենը: Նա նաև հիշեցրել է, որ լրանում է պարբերականի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության 15-րդ տարելիցը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ողջունել է Մուրատովին Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը՝ վերջինին համարելով, խիզախ և տաղանդավոր լրագրող, որը հավատարիմ է իր գաղափարներին և արժանի է բարձրագույն մրցանակի:
Կոմիտեի երկրորդ որոշումը Ռեյս-Անդերսենը բացատրել է հետևյալ կերպ. «Որպես լրագրող և Rappler-ի համահիմնադիր՝ Մարիա Ռեսան իրեն դրսևորել է որպես խոսքի ազատության անվախ պաշտպան՝ քննադատելով թմրանյութերի դեմ նախագահ Դուտերտեի ռեժիմի սկանդալային և արյունալի արշավը: Օգտվելով ազատ խոսքի հիմնարար իրավունքից՝ Մարիա Ռեսան բացահայտել է իր հայրենի երկրում՝ Ֆիլիպիններում, իշխանության չարաշահումը, բռնությունն ու աճող ավտորիտարիզմը»: Մարիա Ռեսան այս տարվա սեպտեմբերին արժանացել է նաև Հրանտ Դինք հիմնադրամի մրցանակին՝ միջազգային ասպարեզում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռքբերումների համար:
Սկզբում մրցանակաբաշխության ֆավորիտներն էին Առողջապահության միջազգային կազմակերպությունը, ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին, բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, բնապահպան-ակտիվիստ Գրետա Թունբերգը, ինչպես նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:
Ընդհանուր առմամբ Խաղաղության մրցանակի համար առաջադրվել էր 329 թեկնածու (234 անձ, 95 կազմակերպություն):