Թուրքիան ԱՄՆ-ից ցանկանում է գնել 40 միավոր F-16 կործանիչ: Այդ մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Թուրքիան այդ հարցով արդեն դիմել է Սպիտակ տուն:
Գործակալության տեղեկություններով՝ հնարավոր գործարքը գնահատվում է 1 մլրդ դոլար: Այս պահին Թուրքիայի դիմումն ուսումնասիրում են Պետքարտուղարությունն ու Պենտագոնի միջազգային պայմանագրերի վարչությունը:
Նշվում է, որ եթե Պենտագոնը և պետդեպը հավանություն տան գործարքին, միևնույն է, քիչ հավանական է, որ Կոնգրեսն այն կընդունի: Դրա համար կան մի շարք պատճառներ, որոնցից գլխավորը Ռուսաստանից Թուրքիայի S-400 զենիհրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն է, ինչի հետևանքով թուրք-ամերիկյան հարաբերությունները հայտնվեցին ճգնաժամի մեջ:
ԱՄՆ ու Թուրքիան պայմանագիր էին կնքել ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչների ծրագրի վերաբերյալ, սակայն ռուսական համակարգերի գնման պատճառով ամերիկյան կողմը Անկարային դուրս թողեց այդ ծրագրից և այդպես էլ չմատակարարեց նախատեսված 100 միավոր կործանիչները: