Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ընդունել է IRI (International Republican Institute) կազմակերպության նախագահ Դանիել Թվինինգին և Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Դանիել Թվինինգը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների օրակարգին և բարձր գնահատել ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի ստանձնած հանձնառությունը դրա իրականացման գործում։
Զրուցակիցներն անդրադարձել են կազմակերպության կողմից Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների, անվտանգային միջավայրի և համավարակի վերաբերյալ վերջերս անցկացված հարցումների արդյունքներին և հավելել, որ մինչև տարեվերջ նախատեսվում է կազմակերպել նոր հարցումներ։
Դեսպան Լիլիթ Մակունցը կարևորել է կազմակերպության գործունեությունը, որի շնորհիվ հավելյալ հնարավորություն է ընձեռվում հասցեագրելու այն խնդիրները, որոնք արտահայտվում են քաղաքացիների կողմից հարցումների արդյունքում։
Դեսպան Մակունցը ներկայացրել է ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը և ընդգծել նրանում արտացոլված բարեփոխումների ոլորտները, մասնավորապես՝ դատաիրավական, ոստիկանության, կոռուպցիայի դեմ պայքարում։