Հռոմի Կոլիզեյում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը երեկ մասնակցել է Սանտ Էջիդիո համայնքի կողմից կազմակերպված տարեկան ավանդական խաղաղության աղոթքին, որին ներկա են եղել Քույր եկեղեցիների պետեր, տարբեր երկրների ղեկավարներ ու պաշտոնյաներ։
Հանուն խաղաղության միջեկեղեցական աղոթքի ընթացքում Նորին Սրբությունն իր պատգամն է փոխանցել ներկաներին։
Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին․
«․․․Մենք գալիս ենք մի երկրից, որտեղ Ամենակալի նախախնամական ձեռքով պատմության ընթացքում ամեն մի քարի ու ավազահատիկի մեջ խտացվել է քրիստոնեական վկայությունը, խաչի ճանապարհը՝ հանուն Հարության ու հավատի հաղթանակի, որտեղ լեռներն աղոթքի ամենազոր ուժով վերածվել են խաչքարերի, դաշտերն ու բլուրները՝ սրբազան խորանների, լճերն ու գետերը՝ Մկրտության ավազանների՝ որպես հավատարմություն մեր քրիստոնեական հավատքի ու ինքնության։ Ազգս հայոց լավ գիտի խաղաղության գինը, որ վճարել ու շարունակում է վճարել։ Անցյալ տարի մեր ժողովուրդը վերստին անցավ խաչի ճանապարհով։
Ազատ ու անկախ ապրելու իրավունքը, Տերունաշնորհ խաղաղ կյանքը պաշտպանելու համար ազգիս զավակները կրեցին արհավիրքները Ադրբեջանի կողմից Թուրքիայի օգնությամբ և ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմի»։
Ապա Ամենայն Հայոց Հայրապետն իր երախտագիտությունն է հայտնել Քույր եկեղեցիներին՝ պատերազմի օրերին անարդարությունն ու եղեռնագործությունը դատապարտելու համար և վստահություն հայտնել, որ առաջիկայում էլ բարձրահունչ պիտի պահեն իրենց ձայնը՝ ընդդեմ արցախահայության անկախ ապրելու իրավունքի նկատմամբ բռնացումի, հանուն գերյալների ազատության և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության վերահաստատման։
Արարողության ընթացքում հնչել են եկեղեցապետերի և կրոնական առաջնորդների ուղերձներ։
Ֆրանցիսկոս Պապի ուղերձից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են բոլոր պատերազմների զոհերի հիշատակը, ապա երեխաները փոխանցել են մասնակիցներին խաղաղության ուղերձը: