Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը հանդիպել է աշխատանքային այցով մարզ այցելած ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ վարչապետի հանձնարարկանով Շիրակի մարզում ոչ հիմնական շինությունների, տնակների խնդրի լուծմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցով նախատեսված աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր։
Մասնավորապես, հաշվի առնելով աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից հետո տեղադրված ոչ հիմնական շինությունների հիմնախնդրի օր առաջ կանոնակարգման անհրաժեշտությունը և նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ խնդրի կանոնակարգումը տեղ է գտել ԱԺ կողմից 2021 թվականի օգոստոսի 26-ին ընդունված՝ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրում, կողմերը կարևորել են աշխատանքների ժամանակին իրականացումը, համապատասխան համայնքների հետ ժամանակացույցով նախատեսված աշխատանքների սահմանված ժամկետում իրականացումը։
Հովհաննես Զոհրաբյանն ու Արմեն Ղուլարյանը հետևել են նաև «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքներին։ Քաղաքաշինական կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի արժեքը շուրջ 4 մլրդ 938մլն դրամ է: 2021 թվականի ընթացքում կիրականացվեն մոտ 500 մլն դրամի շինարարական աշխատանքներ:
Պատասխանատուները եղել են Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրում, որտեղ գյուղական բնակավայրերում երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում շահառու է ճանաչվել 4 ընտանիք։
Ընդհանուր առմամբ՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրից օգտվել է Շիրակի մարզի Մարմաշեն, Անի և Ախուրյան համայնքների 7 գյուղական բնակավայրերի թվով 25 ընտանիք։ Աշխատանքներն իրականացվում են ծրագրի շահառու ընտանիքների ներգրավմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ: