Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ հարևանության քաղաքականությունը պետք է հիմնված լինի բարիդրացիության ու կառուցողական համագործակցության սկզբունքների վրա և լինի երկկողմանի:
Ռայիսին նշել է, որ կովկասյան տարածաշրջանը կառուցողական և սերտ համագործակցության լավ օրինակ դառնալու ներուժ ունի:
«Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ներտարածաշրջանային բազմակողմ մեխանիզմների միջոցով ապահովվի, քանի որ չարագործ ու պատեհապաշտ տարրերի միջամտությունը վնասում է ժողովուրդների շահերը: Փորձը ցույց է տվել, որ անվտանգության ապահովումն օտարներին վստահելու մոտեցումը դատապարտված է ձախողման: Եթե երկրները, օտար զինվորականներին ապավինելով, իրենց բանակների ինքնությունն ու ազգային ոգին թուլացնեն, ճգնաժամի ժամանակ մեծ խնդիրների առջև կհայտնվեն»,- ընդգծել է ԻԻՀ նախագահը:
Ռայիսին շեշտել է, որ Իրանն իր ազգային շահերի հարցում զգոն է:
«Մեր հարևանությամբ սիոնիստական ռեժիմի և «Իսլամական պետության» նման ահաբեկչական կազմակերպությունների ներկայությունը հակասում է երկրների կայունությանն ու տարածաշրջանի անվտանգությանը և անհանդուրժելի է Իրանի Իսլամական Հանրապետության համար»,- հավելել է Իրանի նախագահը: