Նախարարի տեղակալներին հանձնարարված հատուկ առաքելության շնորհիվ Նորդուզից Հայաստան տանող ճանապարհի և Կովկասյան միջանցքի խնդիրը կլուծվի, և շուտով տարածաշրջանի տարանցիկ քարտեզն ամբողջությամբ կփոխվի։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ռոստամ Հասեմին:
Իրանի համար խնդիրներ ստեղծողներին նախարարը զգուշացրել է. «Մեզ համար ոչ մի ճանապարհ չի փակվի, բայց այրված կամուրջները հեշտությամբ չեն վերականգնվի»:
Օրերս աշխատանքային այցով Հայաստանում էր Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման փոխնախարար Խեյրոլլահ Խադեմին: Հայ գործընկերների հետ հանդիպումները նա արդյունավետ էր գնահատել՝ ընդգծելով, որ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
«Երկու երկրների պաշտոնյաները սահմանել են Հայաստանի կողմից կառուցվող այլընտրանքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ժամանակացույց։ Հայ պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկվել է Գորիսում առաջացած խնդիրը, որը խոչընդոտել է Իրան-Հայաստան բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների բնականոն իրականացումը: Կայացվել են որոշումներ՝ ուղղված խնդրի լուծմանը: Առաջիկա երեք ամիսների ընթացքում կվերացվեն այլընտրանքային ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները»,- ասել է Խադեմին։