Սեփական հողատարածքում կառուցապատման նպատակով կամայական ծառահատման ավանդույթը կվերացվի: Այս երևույթի բացասական հետևանքները մեղմելու օրենսդրական փոփոխության նոր առաջարկը շրջակա միջավայրի նախարարությանն է: Մինչև այժմ սեփականացված տարածքում ծառահատումը օրենքով չի կանոնակարգվել:
Նարինե Հակոբյան (ՀՀ ՇՄՆ հողերի և ընդերքի քաղաքականության վարչության մասնագետ) - Նախկինում շատ տարածքներ, որոնք ծառապատ են եղել, սեփականացնողները այդ հատվածների հետ վարվել են ըստ իրենց կամքի:
Սեփականատեր կառուցապատողների կողմից կամայականորեն ծառ կտրելը կկանոնակարգվի, կանաչ տարածքը կպահպանվի, և համայնքի բնակիչներն էլ չեն դժգոհի՝ վստահ են նախարարությունում: Յուրաքանչյուր ծառահատման համար կառուցապատողները նախ՝ պետք է ունենան համայնքի ղեկավարի թույլտվությունը, սակայն պայմանով՝ ասում է նախարարության ներկայացուցիչը:
Նարինե Հակոբյան - Օրենքով սահմանվում է՝ արդեն կտրված մեկ ծառի փոխարեն պետք է նույն տարածքում տնկել նույն տեսակի ծառ:
Եթե տվյալ տարածքում հնարավոր չէ ծառատունկ իրականացնել, սեփականատերը պարտավոր է համայնքի ղեկավարի ուղղորդմամբ երկու ծառ տնկել մեկ այլ տարածքում: Գործընթացը միայն ծառատունկով չի սահմանափակվի: Տվյալ ծառը կհամարվի համայնքի սեփականություն:
Նարինե Հակոբյան - Քանի որ տարածքները գտնվում են համայնքի վերահսկողության ներքո, համայնքի ղեկավարները պետք է պատասխանատվություն կրեն և սրտացավություն ցուցաբերեն տնկված ծառերի նկատմամբ:
Շրջակա միջավայրի նախարարությունը ևս մեկ հնարավորություն է առաջարկում կառուցապատողներին: Եթե նրանք չեն ցանկանա ծառատունկ իրականացնել համայնքի մեկ այլ հատվածում, կարող են նոր ծառատունկի համար սահմանված գումար վճարել համայնքային բյուջե: Օրենքի լրացումով հնարավոր կլինի հստակ հաշվառել համայնքների սահմանում եղած ծառային ֆոնդի չափը: Այս պահին նույնիսկ նախարարությունում հստակ չեն կարող ասել, թե համայնքներում որքան ծառ է հաշվառված:
Նարինե Հակոբյան - Հույս ունենք, որ մի քանի տարի հետո ձեր հարցին կարող ենք պատասխանել:
Ակնկալվում է, որ օրենքի լրացումով նաև կլուծվեն կանաչապատ տարածքները կրճատելու հետ կապված կառուցապատող - բնակիչ հաճախ ծագող վեճերը: